Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն այս գիշեր զանգվածաբար գրոհել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիները, հաղորդել է Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն:
Կոմիտեի տվյալներով՝ հանրապետության օդային տարածքում հինգ տասնյակից ավելի անօդաչու է խոցվել: «Բոլոր գործարաններն աշխատում են սովորական ռեժիմով, կրիտիկական վնասվածքներ չկան», - վստահեցրել է գերատեսչությունը:
Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ ալիքները գրում են, որ հարձակման է ենթարկվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթ» ձեռնարկությունը՝ Ռուսաստանում նավթավերամշակման և նավթաքիմիական խոշորագույն համալիրներից մեկը, և պնդում են, որ «ձեռնարկության տարածքում հրդեհի բազմաթիվ օջախներ կան»:
Astra-ի վերլուծությունը հաստատում է, որ այրվում է հենց «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթ» ձեռնարկությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի մի շարք մարզերի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի տարածքում, Սև և Ազովի ծովերի վրա 1441 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին:
Նշվում է, որ այդ հարձակումը ամենազանգվածայինն էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր: Նախորդ ռեկորդը նոյեմբերի լույս 16-ի գիշերն էր գրանցվել, երբ, ըստ ՌԴ ՊՆ հաղորդման, 1336 անօդաչու էր ոչնչացվել:
Բրյանսկի մարզում երեկ երեկոյան անօդաչուների հարձակման հետևանքով տեղի բնակիչ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հաղորդել են տարածաշրջանային իշխանությունները:
Թռիչքների և վայրէջքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 18, այդ թվում՝ Մոսկվայի 4 օդանավակայաններում, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը: