Վրաստանը չի մասնակցի Բրյուսելում այսօր կայանալիք ԵՄ ընդլայնման ֆորումին և ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, քանի որ համապատասխան մակարդակով հրավերներ չի ստացել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը։
«Վրաստանը հավատարիմ է մնում Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները սրվել են Ուկրաինայում պատերազմի ֆոնին։ Պատճառներից մեկը Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելուց հրաժարվելն էր, ինչին կոչ էր անում ԵՄ-ն։
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացել է 2023 թվականի դեկտեմբերին։ Մեկ տարի անց՝ 2024-ի նոյեմբերին, կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականը չի բարձրացնելու Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։
Օրեր առաջ Եվրահանձնաժողովը ընդլայնման զեկույց էր հրապարակել, որտեղ նշված էր՝ «Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի կասեցված է, իսկ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակն այժմ միայն ձևական բնույթ ունի»։
Վրաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են առաջին հանդիպմանը. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գիորգի Զուրաբաշվիլիի և նրա ռուսաստանցի գործընկերոջ՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը։
«Այս մակարդակով վրաց-ռուսական շփումները կշարունակվեն ակտիվորեն։ Քննարկումներ կանցկացվեն այս ձևաչափով նախատեսված բոլոր հարցերի շուրջ», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ առաջին հանդիպումը կարող է կայանալ «շատ շուտով», հնարավոր է՝ ոչ թե Թբիլիսիում կամ Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում։
Հարցին՝ արդյոք այս ձևաչափով շփումների վերսկսումը կարող է նախապայման դառնալ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար, Կոբախիձեն պատասխանել է, որ դրան խոչընդոտում է «բնական արգելքը»՝ Ռուսաստանի կողմից երկու օկուպացված տարածքներն անկախ պետություններ ճանաչելը։
Վարչապետի խոսքով՝ այդ հարցում Վրաստանի դիրքորոշումը չի փոխվի։