Մատչելիության հղումներ

Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը փաստացի կասեցված է. Եվրահանձնաժողով

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի կասեցված է, իսկ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակն այժմ միայն ձևական բնույթ ունի, ասվում է Եվրահանձնաժողովի՝ այսօր հրապարակված ընդլայնման զեկույցում։

Ըստ Բրյուսելի՝ Վրաստանի իշխանությունները ոչ միայն չեն կատարել թեկնածուի կարգավիճակ ստանալու համար սահմանված ինը հանձնարարականները, այլև երկրում ժողովրդավարության վիճակը շարունակել է վատթարանալ։

Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերի, դատական համակարգի անկախության խնդիրների և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների կապակցությամբ։

«Եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը և չվերադառնան ԵՄ անդամակցության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին, երկիրը չի կարող օգտվել ո՛չ թեկնածուի կարգավիճակի առավելություններից, ո՛չ էլ անդամակցության նախապատրաստման գործընթացից», - ասված է հայտարարությունում։

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացել է 2023 թվականի դեկտեմբերին։ Մեկ տարի անց՝ 2024-ի նոյեմբերին, կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028 թվականը չի բարձրացնելու Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG