Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշումը կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի գործով ինքնաբացարկ է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, որը հոկտեմբերի 21-ին որոշել էր երկու ամսով կալանավորել նրան։

ԴատաԼեքսում հրապարակաված նոյեմբերի 11-ի որոշման մեջ դատավորը պարզաբանել է, որ Գևորգյանի մահից հետո հնչած հայտարարություններում նրա մահն անուղղակիորեն կապվել է կալանավորման հետ, կասկածի տակ է դրվել ինչպես կալանքի որոշման օրինականությունը, այնպես էլ դատավորի անաչառությունը։

«Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ», - նշել է Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում կարող է կասկածի տակ դրվել նաև գործի հետագա դատաքննության օբյեկտիվությունը։ Ուստի դատավորը որոշել է ինքնաբացարկ հայտնել և գործը փոխանցել Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ վերաբաշխման համար։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններում ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանը մեղադրվում էր ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալուն նախապատրաստվելու մեջ։ Նա մահացել է նոյեմբերի 10-ին՝ կալանքի 21-րդ օրը։

Գևորգյանի մահվան հանգամանքների շուրջ մինչ օրս հարցեր են բարձրացնում նրա պաշտպաններն ու կուսակիցները։

​
XS
SM
MD
LG