Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարել է, թե Եվրոպան Ռուսաստանի հետ անվտանգության նոր կարգավորումներ քննարկելու կարիքը չունի, և պնդել է, թե Բեռլինը պետք է ներգրավված լինի Ուկրաինայում պատերազմի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլում:
«Ռուսաստանը ցանկանում է խոսել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ: Մենք կարիք չունենք դա քննարկելու, այն արդեն գոյություն ունի», - France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մերցը և հավելել, թե անկասկած է, որ իր երկիրը պետք է մաս կազմի որևէ եվրոպական պատվիրակության:
Աբու Դաբիում այս շաբաթ անցկացված Ռուսաստան - Ուկրաինա - ԱՄՆ եռակողմ բանակցություններից հետո ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բարձրացրել է Եվրոպայում «անվտանգության ճարտարապետության» հարցը: Նրա խոսքով՝ այդ ճարտարապետությունը վատ է աշխատում: Վլադիմիր Պուտինի օգնականը նաև քննադատել է Եվրամիության ներկայացուցիչներին՝ հայտնելով, որ իր գլխավորած պատվիրակությունը Աբու Դաբիում նրանց հետ չի շփվել: