Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններ. ո՞ր համայնքներում ՔՊ-ն մրցակից չունի

Հայաստանի 12 համայնքում նոյեմբերի 29-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով:

Որտեղ և ինչ ուժեր են առաջադրվել

Արագածոտնի մարզի Աշտարակ և Շիրակի մարզի Աշոցքում համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մրցակից չունի: Այս համայնքներում այլ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի առաջադրվել։

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում առաջադրվել են «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Նույն մարզի Մեծամոր համայնքում ՔՊ-ի մրցակիցը Հայ հեղափոխական դաշնակցությունն է։

Շիրակի մարզի Ամասիա համայնքում առաջադրվել են «Բարոյական արժեքներ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջին անգամ մասնակցող «Բարոյական արժեքներ» կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանն ավելի վաղ վստահեցրել է՝ հենց իրենք են այն առողջ ու պետականամետ ընդդիմությունը, որի մասին հոկտեմբերի վերջին խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

71-ամյա Պետրոսյանը նախկին ՔՊ-ական է, ով 2023-ին լքել է իշխող թիմը, բայց վերջին՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում սատարել նույն իշխանությանը։

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում էլ առաջադրվել են ՔՊ-ն, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։ Վերջինիս կազմում ընդգրկված են Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցությունները։

Լոռու մարզի Սպիտակ համայնքում ևս մրցապայքարի մեջ երեք ուժ կլինի՝ «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիրը», «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցեն Սյունիքի մարզի Կապան համայնքի ընտրություններին։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էլ առաջադրվել են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Ապարանում ՔՊ-ն կպայքարի դաշինքով

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը հանդես են գալիս «Համերաշխություն» դաշինքով։ Սա երկու ուժերի առաջին համագործակցությունը չէ․ նույն դաշինքով նրանք մասնակցել են նաև հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին՝ Գորիսում և Գավառում։

«Գործարար» կուսակցության հիմնադիր Գեղամ Բաղդասարյանը իշխող ուժի հետ համագործակցությունը բացատրել էր երկու շատ հարցերում ՔՊ -ի հետ համակարծիք լինելով։ Նրա խոսքով՝ որոշել են կամուրջ դառնալ ընդդիմության և իշխանության միջև:

​
XS
SM
MD
LG