Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե «ամենևին էլ երջանիկ չէ», որ իր առաջնորդած կուսակցությունը կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում 70, 80, 90 և ավելի տոկոս ձայն է ստացել:
Ութ տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանի խոսքով՝ այս թվերը ավտորիտարիզմի կամ բռնապետության տպավորություն են թողնում:
Նման բարձր արդյունքներ ՔՊ-ն կամ նրա կազմած դաշինքները գրանցել են Արտաշատում՝ 86 տոկոս, Արաքսում՝ 71 տոկոս, Արմավիրում՝ 96 տոկոս, Գավառում՝ 81 տոկոս, Վարդենիսում՝ 93 տոկոս, Ծաղկաձորում՝ 84 տոկոս, Հրազդանում՝ 90 տոկոս, Ախուրյանում՝ 92 տոկոս, Գորիսում՝ 93 տոկոս, Ջերմուկում՝ 92 տոկոս:
Ընդ որում՝ Վարդենիսում, Արմավիրում, Վայքում, Գառնիում ու Ախուրյանում ՔՊ-ն մրցակից չուներ, ընդդիմադիրներն այստեղ ընտրություններին չէին մասնակցում:
Մինչ ընդդիմությունը պնդում է, որ տեղերում իշխող ուժի մեծածավալ ճնշումներն են պատճառը, որ շատ համայնքներում իրենց թիմակիցները չեն մտել ընտրապայքարի մեջ, Փաշինյանն այսօր պնդում էր, թե կատարել է խոստումը և «ոչնչացրել լրտեսական եռագլուխ կամ քառագլուխ կուսակցությանը» [խմբ. - նկատի ունի ընդդիմադիր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանին», Սերժ Սարգսյանի Հանրապետականին, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին» ու նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին]: Դա նրա խոսքով՝ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ»:
Ընդդիմադիր առաջնորդներից Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը բանտում են, Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ, Սերժ Սարգսյանը ազատության մեջ է, բայց մեղադրյալ է մի քանի գործով:
Կիրակի կայացած ընտրություններին Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցել: «Ուժեղ Հայաստանը» 19 համայնքներից մասնակցել է միայն Ստեփանավանում, Քոչարյանի հետ դաշինք կազմած Դաշնակցությունը՝ միայն Արարատում, Մարտունիում, Ծաղկաձորում և Հրազդանում:
Փաշինյանն այսօր մի կողմից խոսում էր գործող ընդդիմությանը «արմատախիլ անելու», մյուս կողմից «պետականակենտրոն» ընդդիմության ստեղծման մասին:
«Մենք այս հարցը քննարկել ենք տարբեր ձևաչափերով, բայց մյուս կողմից ի՞նչ կարող է անել և ի՞նչ պետք է անի կառավարությունը նոր ընդդիմության ձևավորման համար: Մեր եզրակացությունն այն է, որ մենք ոչ մի բան պետք է չանենք», - ասաց Փաշինյանը. - «Հակառակ դեպքում մենք կարող ենք ընկնել ավելի վատ վիճակի մեջ, երբ վատագույն պրակտիկան Հայաստանում վերականգնելու փորձ անենք։ Հիշում եք՝ Հայաստանում կար այսպես կոչված հաճախորդ և կառավարելի ընդդիմություն։ Դա նույնքան աղետ է Հայաստանի համար»:
Փաշինյանի խոսքով՝ լուծումն այն է, որ «ոչ իշխանական պետականակենտրոն ուժերը ակտիվանան»: Վարչապետը խոստացավ «չխանգարել» նրանց:
Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» առայժմ չեն արձագանքել վարչապետին: