Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները երեկ մոտ չորս ժամ բանակցելուց հետո այսօր շարունակում են ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ նախ կբանակցեն եռակողմ ձևաչափով, իսկ հետո ուկրաինական կողմն առանձին կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ կողմերն այսօր նախատեսում են քննարկել տարածքային հարցեր, այդ թվում՝ սահմաններն ու սահմանազատման գծերը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն (նա չի մասնակցում քննարկումներին) բանակցությունները որակել է «շատ արդյունավետ»: Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնի նպատակն է «որոշակի պահի ընդլայնել եռակողմ ձևաչափը», այսինքն՝ Եվրոպայի ներկայացուցիչներին ևս ներգրավել բանակցային գործընթացում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ, խոսելով հանդիպման մասին, ասել է, թե «ռուսների հետ դժվար է»։ «Նրանք, մեղմ ասած, մեր լավագույն ընկերները չեն», - ասել է նա: Զելենսկին նաև պարզաբանել է, որ բանակցությունների այս փուլը հիմնականում կենտրոնացած է մարդասիրական հարցերի վրա, որտեղ Ուկրաինայի համար առաջնահերթությունը գերիներին վերադարձն է:
Երեկվա բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները նշել է, որ ԱՄՆ-ն «ոգեշնչված է այսօր տեղի ունեցած կառուցողական քննարկումներով» և շարունակում է աշխատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու և ամբողջ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անվտանգության մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։
Ջարեդ Քուշներից բացի՝ բանակցություններին ԱՄՆ-ից մասնակցում են նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը:
Ուկրաինական կողմից Ումերովից բացի մասնակցում են նախագահի աշխատակազմի ղեկավարն ու տեղակալը, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը:
Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Սակայն այս անգամ նա Աբու Դաբի է մեկնել ավելի մեծ թիմով, որի կազմում են փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին: