Ավելի քան ինը ամսվա դադարից հետո Աբու Դաբիում վերսկսվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները` վերջ դնելու 5-րդ տարին ընթացող պատերազմին: Դռնփակ բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ և կշարունակվեն վաղը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դրանք անցկացվել են ռուսերեն:
Հիմնական թեմաներից են Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությունը պատերազմի ավարտից հետո, նաև տարածքային զիջումների հարցերը:
Ովքեր են մեկնել բանակցելու
Բանակցություններին ԱՄՆ-ից մասնակցում են նախագահ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքովն ու Ջարեդ Քուշները և ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը:
Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է երկրի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը: Պատվիրակության կազմում են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարն ու տեղակալը, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը:
Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Սակայն այս անգամ նա Աբու Դաբի է մեկնել ավելի մեծ թիմով, որի կազմում են փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին:
Կողմերը լավատես են
Բանակցությունների սկզբում Քուշներն ասել է, որ այս ընթացքում կարողացել են որոշել հարցերի շրջանակը, որոնց շուրջ կողմերը չեն համաձայնում:
«Կարծում եմ՝ մի քանի լավ գաղափարներ ունենք, թե ինչպես հաղթահարել այդ խնդիրները։ Եվ հուսով եմ՝ այսօր կարող ենք բաց, անկեղծ և իմաստալից երկխոսություն ունենալ այսօր և վաղը՝ հետագա առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Քուշները։
Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին էլ հույս է հայտնել, որ կկարողանան առաջընթաց գրանցել։
«Քանի որ մեր պատվիրակությունն այժմ ավելի մեծ է և նույնիսկ ավելի պրոֆեսիոնալ, հույս ունենք, որ այսօրվա հանդիպումը կօգնի մեզ առաջ շարժվել խաղաղության ճանապարհով»,- ասել է Մեդինսկին։
Ուկրաինական պատվիրակության ղեկավարն իր հերթին ասել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել այս հանդիպմանը պատրաստվելիս և հույս է հայտնել, որ կկարողանան հասնել երկարատև խաղաղության։
«Ուկրաինայի համար դա անվտանգության երաշխիքներն են։ Մենք նաև կկենտրոնանանք այս հանդիպման նպատակների վրա, այն է՝ վերջնարդյունքում հասնել երկարատև խաղաղության»,- ասել է Ումերովը:
Նախքան եռակողմ հանդիպումը, ուկրաինական պատվիրակությունը հանդիպել էր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Քուշներն ասել է, որ դրական ազդակներ են ստանում կողմերից, որ ցանկանում են դադարեցնել պատերազմը: Նրա խոսքով՝ եռակողմ բանակցությունների ակնկալվող արդյունքներից մեկն այն է, որ Ռուսաստանը համաձայնի բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը: «Դա, մեր կարծիքով, շատ կարևոր կլինի առաջընթացի համար»,- ասել է Քուշները:
Մեծ հույսեր փայփայել պետք չէ
«Ազատության» հոդվածագիր Սթիվ Գութերմանը, սակայն, նշում է, որ այս բանակցություններից շատ բան պետք չէ ակնկալել մի քանի պատճառով: Նախ՝ Պուտինը ոչ մի նշան ցույց չի տվել, որ պատրաստ է զիջումների, բանակցություններն էլ օգտագործում է խաղաղության հույսերը կենդանի պահելու համար:
Ռուսաստանը պահանջում է ողջ Դոնբասը, այդ թվում՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները, ինչին դեմ է Կիևը: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը ձգտում է խաղաղության համապարփակ համաձայնագիր կնքել, որը կներառի նաև Եվրոպայի անվտանգությունը, սակայն դա Եվրոպայում մտահոգություններ է առաջացրել, որ Ռուսաստանը կարող է ազդել իրենց անվտանգության վերաբերյալ որոշումների վրա:
Նաև ձմռանն ընդառաջ խաղաղության հեռանկարը մշուշոտ է, քանզի Ռուսաստանը, թերևս, կակտիվացնի հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ տարածքային զիջումներ պարտադրելու համար:
Եվ վերջապես, ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին, ըստ հոդվածագրի, Ուկրաինայի հարցում Պուտինի պահանջների կողմնակիցն է և նախկինում քիչ ճկունություն է ցուցաբերել բանակցություններում: Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ Մոսկվան, թերևս, իմաստալից զիջումների չի գնա։