Եվրամիության խորհուրդը մինչև 2028 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգել է Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերման առաքելության (EUMAM) մանդատը, ասված է խորհրդի հաղորդագրությունում:
Առաքելությանը Եվրամիությունը կհատկացնի մոտ 300 միլիոն եվրո: Բացի այդ, ԵՄ խորհուրդը որոշել է Ուկրաինայում ներկայացուցչություն բացել՝ երկրի ռազմական իշխանությունների, զինված ուժերի և միջազգային գործընկերների հետ համակարգումն ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա երաշխավորել պատրաստության ծրագրի հետագա զարգացումը, նշված է հաղորդագրությունում:
Առաքելությունն ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի, այդ թվում՝ Տարածքային պաշտպանության ուժերի անհատական, հավաքական և մասնագիտացված պատրաստումը ԵՄ անդամ երկրների տարածքում:
ԵՄ խորհուրդը հայտարարում է, որ այժմ մանդատն ընդլայնվելու է «մարտական փորձից քաղված դասերին հատուկ ուշադրություն դարձնելու և ռազմական պատրաստությունն ամրապնդելու նպատակով»:
2022 թվականին առաքելության ստեղծումից ի վեր Կիևի խնդրանքով Եվրամիությունում պատրաստություն են անցել շուրջ 100 հազար ուկրաինացի զինծառայողներ: Հաղորդվում է, որ զինվորականների պատրաստումն ամրապնդվում է մահաբեր և ոչ մահաբեր նպատակների համար Ուկրաինայի զինված ուժերին սարքավորումների տրամադրմամբ: