Եվրահանձնաժողովի նախնական եզրակացության համաձայն՝ TikTok-ը խախտում է Եվրամիության օրենսդրությունը՝ օգտատերերին շարունակաբար ցուցադրելով նրանց բարեկեցությանն ու հոգեկան առողջությանը վնասող բովանդակություն։
«Ամեն անգամ, երբ օգտատերը TikTok-ում տեսանյութ է դիտում կամ հավանում, ալգորիթմը նրան ավելի շատ նմանատիպ բովանդակություն է առաջարկում՝ աստիճանաբար ներքաշելով մի հոսքի մեջ, որից հեշտ չէ դուրս գալ»,- ուրբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկունենը։
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ սա կարող է վնասել հատկապես խոցելի չափահասներին և անչափահասներին, քանի որ նրանք կարող են շարունակաբար տեսնել տխրության, միայնության կամ արտաքին տեսքի վերաբերյալ տեսանյութեր։
Հանձնաժողովի կարծիքով՝ հարթակում գործող վնասակար բովանդակության տարածումը սահմանափակող միջոցները բավարար չեն։
Թեև օգտատերերը կարող են սեղմել «Հետաքրքիր չէ» կոճակը՝ մերժելով առաջարկվող տեսանյութերը, TikTok-ի ալգորիթմը շարունակում է առաջնահերթություն տալ նախկինում դիտված թեմաներին վերաբերող բովանդակությանը՝ հաշվի չառնելով օգտատերերի նախընտրությունները։
TikTok-ը կարող է ներկայացնել իր առարկությունները և քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու համար։ Եթե Եվրահանձնաժողովը վերջնականապես հաստատի, որ ընկերությունը խախտել է «Թվային ծառայությունների մասին» օրենքը (DSA), ապա TikTok-ը կարող է տուգանվել համաշխարհային տարեկան հասույթի մինչև 6 տոկոսի չափով։
2025 թվականին Եվրահանձնաժողովը TikTok-ին մեղադրել էր ԵՄ թափանցիկության պահանջները խախտելու մեջ։ Սակայն հարթակը կարողացել էր խուսափել տուգանքից՝ իր հավելվածը համապատասխանեցնելով ԵՄ օրենսդրությանը։