Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պետք է միասնական ներկայացուցիչ նշանակի ՌԴ-ի հետ բանակցություններում. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին կոչ է արել Եվրամիությանը Ռուսաստանի հետ բանակցություններում միասնական ներկայացուցիչ նշանակել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում դաշինքը կարող է դուրս մնալ Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացից։

«Ես շարունակում եմ պնդել, որ վերջապես պետք է որոշում կայացվի, թե ով է Եվրամիության անունից նստելու բանակցությունների սեղանի շուրջ և ինչ մանդատով», - Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում գրել է Իտալիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների չհամաձայնեցված քայլերն ու միմյանց հետ չհամադրված նախաձեռնությունները չեն նպաստում միասնական դիրքորոշման ձևավորմանը։

«Մինչև այժմ ԵՄ-ն Ռուսաստանի հետ բանակցությունների հստակ ռազմավարություն չի մշակել և, ի տարբերություն Միացյալ Նահանգների, չի նշանակել ներկայացուցիչ, որը կգլխավորի Մոսկվային պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը»,- գրել է Մելոնին՝ առաջարկել ով հարցը քննարկել հաջորդ շաբաթ Դուբլինում կայանալիք ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրների հետ խորհրդակցություններից հետո առաջնորդները կարող են դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում պաշտոնական որոշում ընդունել։

Մելոնին նախկինում ևս քննադատել է ԵՄ ներսում առանձին նախաձեռնությունները, որոնք, նրա գնահատմամբ, մասնատում են Ուկրաինայի հարցում եվրոպական միասնական դիրքորոշումը։

Վերջերս, մասնավորապես, Հռոմը քննադատել էր Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի՝ հոկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը, որը, ըստ հրապարակման, նախապես համաձայնեցված չէր եվրոպական առաջնորդների միջև։

​
XS
SM
MD
LG