Մատչելիության հղումներ

Մոսկվան ձգտում է ավելի լավ հարաբերությունների Եվրոպայի հետ, բայց պատրաստ է պատերազմի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում, 29-ը հոկտեմբերի, 2026թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում, 29-ը հոկտեմբերի, 2026թ.

Ռուսաստանն աջակցում է եվրոպական երկրների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալուն ուղղված ցանկացած քայլ, երեկ հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ օրեր առաջ ունեցած հեռախոսազրույցը։

«Ինչպես միշտ եմ ասել, մենք աջակցում ենք եվրոպական երկրների հետ լիարժեք և պատշաճ հարաբերությունների վերականգնմանն ուղղված ցանկացած քայլի՝ կամ նրանց բոլորի հետ որպես ԵՄ, կամ երկկողմ հիմունքներով։ Խնդրեմ, ինչպես նրանք ուզում են»,- երեկ հայտարարել է նա։

ՌԴ-ն չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Եվրոպայի հետ, սակայն պատրաստ է, եթե նման անհրաժեշտություն լինի: Կրեմլի ղեկավարը նաև զգուշացրել է, որ եթե լարվածությունը չափազանց սրվի, հաղթողներ չեն լինի։

«Շատերը [Եվրոպայում- խմբ] խոսում են մինչև 2030 թվականը պատերազմի նախապատրաստվելու մասին: Արդյոք դա ճի՞շտ է, թե՞ սխալ: Նախևառաջ, մենք պատրաստ ենք: Բայց մենք չենք ուզում պատերազմ Եվրոպայի հետ: Եթե նրանցից որևէ մեկը ցանկանում է դա, թող պատրաստվի»,- ասել է նա:

Կրեմլի ղեկավարը նշել է, որ Եվրոպան դեռ չի հասել «Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու իրենց նպատակին, և քիչ հավանական է, որ դա ևս հնարավոր լինի մինչև 2030 թվականը»: «Եվ եթե ամեն ինչ չափազանց հեռուն գնա, ընդհանրապես հաղթողներ չեն լինի: Թող ոչ ոք չմոռանա դրա մասին»,- զգուշացրել է նա:

Երկրորդ Հորմո՞ւզ

Պուտինը նաև ասել է, որ Մոսկվան չի ցանկանում, որ Բալթիկ ծովում ստեղծվի այնպիսի իրավիճակը, ինչպիսին ստեղծվելէ Հորմուզի նեղուցում: Նա հիշեցրել է, որ Ֆինլանդիան, ինչպես շատ այլ եվրոպական երկրներ, ձգտում է և հույս ունի, որ բոլոր կողմերը կհետևեն միջազգային ծովային իրավունքին։

«Մենք աջակցում ենք այս մոտեցմանը, որովհետև հակառակ դեպքում Բալթիկ ծովում կստեղծվի Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի նման իրավիճակ։ Արդյոք որևէ մեկը ցանկանո՞ւմ է, որ Բալթիկ ծովում իրավիճակը նույնը լինի, ինչ Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում։ Ես չգիտեմ։ Մենք դա չենք ուզում, բայց կարձագանքենք ցանկացած մարտահրավերի»,- զգուշացրել է Ռուսաստանի նախագահը։

Բալթիկ ծովը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Այն Սանկտ Պետերբուրգի և Ուստ-Լուգայի նավահանգիստները կապում է միջազգային առևտրային ուղիների հետ։ Բալթիկ ծովի ափամերձ պետություններից մի քանիսը՝ Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Գերմանիան, Դանիան և Շվեդիան, ՆԱՏՕ-ի անդամ են։ Այս հանգամանքը Բալթիկ ծովը դարձնում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ու տնտեսական շահերի բախման կարևոր տարածաշրջան։

Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի և արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանն իր նաթվամթերքը վաճառելու հարցում մեծապես ապավինում է այսպես կոչված «ստվերային նավատորմին»։ Բալթիկ ծովի երկրներն ուժեղացրել են նման նավերի նկատմամբ վերահսկողությունը։ 2026 թվականին տարածաշրջանի երկրները, ինչպես նաև այլ պետություններ, ավելի ակտիվորեն ստուգում և ձերբակալում են այդ նավերը։

Պուտինը բաց է երկուսության համար

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր հայտարարել է, որ նախագահը բաց է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի։ Պեսկովն ասել է, որ եթե նրանք ևս զանգեն Պուտինին, նախագահը կվերցնի խոսափողը: «Նա բաց է բոլորի հետ երկխոսության համար», - ասել է Պեսկովը։

Լրագրողի հարցին, արդյոք նույնը վերաբերում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Ոչ ոք դեռ չի զանգահարել»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG