Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

Հակակոռուցիոն դատարանը մեկ ամսով կալանավորեց միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին:

Կարապետյանը ձերբակալվել էր երեկ՝ ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ բացի Կարապետյանից ևս 35 հոգու նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:

Ըստ Քննչականի հայտարարության՝ նշված անձանց մեջ են եղել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի առանձին անդամներ, ընկերության գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը, ինչպես նաև այլ պատասխանատու անձինք: «Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանն է:


Երեկ իրավապահնեը խուզարկություններ էին իրականացրել Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի առանձնատներում:

Նարեկ Կարապետյանը տեղի ունեցողը կապել էր նոր Սահմանադրության շուրջ «Ուժեղ Հայաստանի» կոշտ դիրքորոշման հետ ու պնդել, թե Նիկոլ Փաշինյանն այսպես փորձում է իրենց «համոզել»:

Վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական քննարկումների գլխավոր թեման նոր Սահմանադրությունն է, որն ընդդիմությունն անվանում է «ալիևյան» և հայտարարում, որ չի աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար: Վերջին ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրին» առնվազն վեց ընդդիմադիրի ձայն է պետք՝ հանրաքվեի որոշումն ընդունելու համար:

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին անցած տարի մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է: Նա պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG