Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, «Ազատությանը» հայտնել է կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
Նրա փոխանցմամբ՝ խուզարկություններ են ընթանում նաև Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում:
«Ազատությունը» դիմել է Քննչական կոմիտե մանրամասները պարզելու համար, սակայն կառույցից առայժմ հստակ տեղեկատվություն չեն տրամադրել: ՔԿ-ի խոսնակը միայն սոցցանցում գրել է, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, թե խուզարկությունները «քաղաքական պատվեր են» և չի բացառել, որ դրանք կապված են նոր Սահմանադրության հարցում ընդդիմության կոշտ դիրքորոշման հետ։
«Սպասելի էին համանման գործողությունները, երևի թե էն հատուկ առաջարկներից, որ խոսում էին, այդ առաջարկների փաթեթի մեջ է սա։ Իրավաբանություն մի փնտրեք, քաղաքական պատվեր է, այստեղ իրավաբանություն չկա», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է:
Նարեկ Կարապետյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում էր սկսվել՝ հավաքներին մասնակցելու համար մարդկանց հարկադրելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 1 միլիարդ դրամ գրավը, ինչպես նաև երկրից բացակայելու արգելքը։
Երկուսն էլ պնդում են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: