Խորհրդարանում բյուջետային քննարկումներին մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին, թե արդյո՞ք արդարացված է համարում իր և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի շեշտակի բարձրացումը:
«Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման տրամաբանությանն ու քաղաքականությանը, երբ քննարկումներ տեղի ունենան և այդ նախագիծը շրջանառության մեջ լինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասն կներկայացնի»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Կառավարությունն այս տարվա սեպետեմբերին պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու որոշում ընդունեց։ Ակնկալվում է, որ այս նոր համակարգը կգործի 2027-ի հունվարի 1-ից, երբ նախագիծն օրենք դառնա։
Նոր նախագծով աշխատավարձերի էական բարձրացում է սահմանվում։ Օրինակ, նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից դառնալով 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2.6 միլիոն։
Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2.1 միլիոն դրամի չափով։
Պատգամավորների աշխատավարձերը ևս կբարձրանան. այժմ նրանց աշխատավարձը կազմում է 832 000 դրամ, փոփոխությունների արդյունքում այն կհասնի մոտ 1.5 միլիոն դրամի։ Էականորեն կբարձրանան Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, ուժայինների, դատական իշխանության աշխատավարձերը։ Այս թվերում ներառված են նաև հարկերը:
Վարչապետ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ բարձր աշխատավարձերի միջոցով հնարավոր կլինի պայքարել պետական համակարգի կոռուպցիայի դեմ: