Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Օրենսդրական փաթեթը կառավարությունը հավանության արժանացրեց, և այն առաջիկայում կքննարկի խորհրդարանը։
Նոր օրենսդրական կարգավորումներով իշխանությունը էականորեն բարձրացնելու է պաշտոնային աշխատավարձերի դրույքաչափերը։ Պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձը գործակցով բազմապատկելիս։ Նոր կարգավորումներով նախագահի աշխատավարձի գործակիցը 19-ից կդառնա 32, այս տրամաբանությամբ նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից կդառնա 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2.6 միլիոն։
Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2.1 միլիոն դրամի չափով։
Էականորեն կբարձրանան պատգամավորների աշխատավարձերը. ներկայում գործող բանաձևով նրանց աշխատավարձը կազմում է 832 000 դրամ, փոփոխությունների արդյունքում այն կհասնի մոտ 1.5 միլիոն դրամի։ Էականորեն կբարձրանան Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, ուժայինների, դատական իշխանության աշխատավարձերը։ Այս թվերում ներառված են նաև հարկերը:
Աշխատավարձերի այս բարձրացումը, սակայն, չի ենթադրում, որ պարգևավճարների գործող համակարգը վերանալու է, այն նույնպես շարունակվելու է։
Հարցի քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կառավարության այս որոշումն անվանեց «բարեփոխում» և վստահեցրեց՝ «այս բարեփոխումը չանելը կնշանակի Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի ու պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»։
Նա շարունակեց պնդել՝ առողջական ապահովագրության համակարգը, թոշակների բարձրացումը այս տարի տեղի են ունեցել, քանի որ պաշտոնյաների պարգևավճարների ու խրախուսման համակարգն են գործարկել։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած այս բարձրացումներին, համադրելի պաշտոնյաները պետական ու մասնավոր ոլորտում կշարունակեն աշխատավարձի էական տարբերություն ունենալ՝ հօգուտ մասնավորի։
Ակնկալվում է, որ աշխատավարձերի այս նոր համակարգը կգործի 2027-ի հունվարի 1-ից։