Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եթե նոր Սահմանադրության ընդունման հարցը հանրաքվեի դնելու հարցում ընդդիմությանը չհաջողվի համոզել:
«Կարծում եմ, որ այս ընդդիմության շահերից չբխող ընտրություններ են լինելու, ՏԻՄ ընտրությունները դրա մասին են խոսում», - ասաց նա:
«Ազատության» հարցին, եթե ամեն դեպքում հանրաքվե լինի և նոր Սահմանադրության ընդունման նախագիծը չանցնի, իշխանությունը հրաժարակա՞ն է տալու, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Արարատ Միրզոյանի ասածը, բնականաբար, շատ հիմնավոր բան է, բայց սրա մասին կարծում եմ պետք է հայտարարի հանրապետության վարչապետը: Առաջիկայում գուցե»:
Անցած շաբաթ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր ընդդիմությանն առաջարկել աջակցել իրենց՝ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելուն, ապա գնալ հանրաքվեի. եթե հանրաքվեով այն չանցնի, ասաց՝ հրաժարական կտան, կհեռանան:
Ալեքսանյանը չբացառեց, որ հնարավոր է այդ մասին հայտարարվի ընդդիմությանը ներկայացվող առաջարկներին զուգահեռ. «Ես ընդդիմության չհրաժարվելը (այդ առաջարկներից) ես ավելի շատ պայմանավորում եմ հարցուպատասխանի ընթացքում Արամ Վարդևանյանի տված հարցով: Նրանով, որ մարդը հարցրեց՝ որտե՞ղ է երաշխիքը, որ սրանից հետո նոր բաներ չեն լինի»:
«Եթե պարզվում է, որ վերջն է սա, սա առհասարակ վերջին քայլն է... նոր Սահմանադրության ընդունում, Խաղաղության պայմանագրի ստորագրում, սա վերջին քայլն է ու սրանից հետո ոչ մի ուրիշ քայլ չկա, վերջանում է տասնամյակների կոնֆլիկտը, դրա մետաստազները, եթե պարզվի, որ սա է, արդյոք դա այն առաջա՞րկն է, որից ընդդիմությունը կարող է հրաժարվել», - ասաց Ալեքսանյանը:
Արամ Վադևանյանի արձագանքը իշխանությանը
Ընդդիմության հարցերին և դրանց վերաբերյալ իշխանության արձագանքին այսօր լրագրողների հետ զրույցում անդարադարձավ նաև «Ուժեղ Հայաստանից» Արամ Վարդևանյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հարց է ուղղել է՝ արդյոք վերաձևակերպո՞ւմ է ընդդիմությունն իր հարցերն, այն մասին, թե կա՞ն երաշխիքներ, որ նոր Սահմանադրության ընդունումից, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումից հետո Ադրբեջանը կդադարեցնի իր պահանջները և կա՞ երաշխիք, որ կստորագրի այդ փաստաթութղը, Վարդևանյանը պատասխանեց. «Ես նման կերպ հարցադրումը չեմ ձևակերպել, ես ասել եմ, որն է ձեր կանխավարկածը, որ դուք պատկերացնում եք, որ այս պահանջները անվերջանալի չեն: Ես, օրինակ, տեսնելով Ադրբեջանի վարքագիծը, ես այնտեղ տեսնում եմ մի պետություն, որը քսենոֆոբիայի մեջ թաթախված է, դեռևս Սաֆարով է փառաբանում: Ես ուզում էի հասկանալ՝ իրենց օպտիմիզմը, ռոմանտիզմը ինչի՞ց է բխում, ինչի՞ց է բխում, որ ընդհուպ նման նախապայմանների պայմաններում էլ դրանք անվերջանալի չեն լինի: Ես կանխավարկածի բացահայտումն եմ ուզում հասկանալ
«Ամենակարևորը հետևյալն է՝ հայ հասարակությանը այս վերջին ամիսներին, ներառյալ նախընտրական քարոզարշավի ժամանակ մեկն ասե՞լ է, որ այդ հարցերի պատասխանը չկա: Նիկոլ Փաշինյանտ եկել ու ժողովրդին ուղիղ ասե՞լ է, որ՝ «ես որևէ հարցի պատասխան, թե այս խաղաղության օրակարգն ուր է գնում, չունեմ», եթե ասեր, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կլիներ արձագանքը», - ասաց Վարդևանյանը:
Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ գուցե նոր Սահմանադրության ընդունման հարցը չհասնի խորհրդարան:
«Ազատության» հարցին՝ արդյոք «Ուժեղ Հայաստանի» մարտավարությո՞ւնն է լինելու այնպես անել, որ նոր Սահմանադրության ընդունման նախագիծը տապալվի հենց Ազգային ժողովում, Արամ Վարդևանյանը հստակ պատասխան չտվեց՝ ասելով «եթե մի բանը արտաքին օրակարգ է, դրան չպետք է տուրք տալ»։
«Եթե մի բանը հանդիսանում է ՀՀ ներքին գործերին հակաօրինական, միջազգային կոնվենցիոնալ բոլոր երաշխքիները խախտող միջամտություն, դա լավ բան չի, դրան չպետք է տուրք տալ, բայց միաժամանակ պետք է անկեղծորեն գնալ խաղաղությանը, բայց առանց զիջումների, առանց քո ինքնության դեմ արհեստական պայքարի: Եթե ես գտնում եմ, որ նման օրակարգ չպետք է լինի, ինչի ենք մենք դիտարկում հարցը խորհրդարանով: իսկ գուցե ընդհանրապես նման հարց չի գալիս ՀՀ Ազգային ժողով: Ես չեմ բացառի, որ նախագիծն ընդհանրապես ԱԺ չհասնի, որովհետև ի վերջո ամեն մի նման գործողությանը հանրության կողմից ազդակները տրվելու են», - ասաց ընդդիմադիր պագամավորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս բացահայտել է նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելու իշխանության պլանը։ Ծրագրում են ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հանրային ճնշում գեներացնել, եթե նրանք դեմ քվեարկեն նախագծին։ Բայց մինչ այդ աշխատելու են ստանալ ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները: Կառավարության ղեկավարը մանրամասնեց՝ հանրային ճնշում կգեներացնեն, երբ ունենան ընդդիմության հարցերի պատասխանները, առաջարկն անեն, բայց դրանից հետո խորհրդարանական ընդդիմությունը միևնույն է հրաժարվի աջակցել իշխանությանը: Այդ ժամանակ, ըստ վարչապետի, կտրվի քաղաքական պրոցեսի մեկնարկը: