Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ շուտով» Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում կլինի։ ԱՄՆ նախագահը, սակայն, չի նշել, թե որտեղ և երբ, միայն ասել է, թե ուկրաինական հակամարտության կարգավորման գործում մեծ առաջընթաց կա:
«Կարծում եմ՝ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա շատ շուտով։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Կիևը և Մոսկվան դեռ չեն մեկնաբանել Թրամփի հայտարարությունը: Կրեմլը մշտապես պնդել է, որ առաջնորդների մակարդակով հանդիպումը պետք է նախապատրաստվի և հստակ նպատակ ու կոնկրետ արդյունք ունենա:
Հեռախոսազրույց Պուտինի հետ
Թրամփի հայտարարությունից մեկ օր առաջ Ֆինլանդիայի նախագահն ու Նորվեգիայի վարչապետը հեռախոսով խոսել էին Պուտինի հետ: Ալեքսանդր Ստուբն ու Յոնաս Գար Ստյորեն քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը: Զրույցից հետո Ստուբն ասել է, որ «քննարկումն անկեղծ էր և բովանդակալից»։
«Մենք Ռուսաստանի հարևան երկրներ ենք։ Այս պատերազմի արդյունքը անմիջական ազդեցություն կունենա մեր և եվրոպական ավելի լայն անվտանգության վրա։ Պատերազմի ավարտը պահանջում է ուղիղ քննարկումներ»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը:
Պուտինից հետո սկանդինավյան երկրների ղեկավարները խոսել են Զելենսկիի հետ և ներկայացրել զրույցի մանրամասները:
Վաշինգտոնի միջնորդական ջանքերի արդյունքում անցած շաբաթ Մոսկվան և Կիևը համաձայնել էին վերսկսել եռակողմ ձևաչափով տեխնիկական թիմերի հանդիպումները: Մոսկվան ավելի ուշ հայտարարեց, որ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում:
Նախագահ Պուտինն ասել էր, որ այդ շփումների նպատակն է քննարկել հարցը, թե ինչպես է ապահովվելու Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգությունը խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո:
Եվրոպան պետք է մասնակցի
Նախագահ Զելենսկին երեկոյան ուղերձում ասել է, որ եռակողմ հանդիպումներին պետք է մասնակցեն նաև Եվրոպայի ներկայացուցիչները:
«Կարևոր է, որ Եվրոպան նույնպես մասնակցի դիվանագիտական բոլոր ջանքերին։ Ուկրաինան միշտ պնդել է, որ Եվրոպան պետք է ներկա լինի և իր ասելիքն ունենա որոշումների կայացման գործում։ Եվ սա վերաբերում է ողջ Եվրոպային»,- ասել է Զելենսկին:
Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Խարկովում ռուսական հարվածներից չորս մարդ է վիրավորվել: Ուկրաինական զինուժն էլ թիվս այլ թիրախների հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին:
Օլեշկիում պատրաստվում են տարհանման
Իսկ Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ ռուսական բանակի կողմից գրավված Օլեշկի քաղաքում երեկվանից ուժի մեջ է մտել մարդասիրական առաքելության համար հայտարարված հրադադարը: Այն համաձայնեցվել էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դիվանագիտական ջանքերի շնորհիվ:
Ըստ ծրագրի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները նախ պետք է սնունդ և դեղորայք բերեն քաղաք, որը երկար ժամանակ զրկված է էլեկտրաէներգիայից, ջրից և ջեռուցումից, իսկ վերջին ամիսներին՝ նաև սննդից։ Ապա քաղաք մտնող և դուրս եկող ճանապարհները մասամբ կմաքրվեն ականներից և կկազմակերպվեն ելքի ուղիներ նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ։ Տարհանումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին: