Մատչելիության հղումներ

Բնապահպանական միջազգային ՀԿ-ները դժգոհ են՝ պետությունները պարտավորությունները չեն կատարում

Անտառային հրդեհ Իրանում, արխիվ
Անտառային հրդեհ Իրանում, արխիվ

Կենսաբազմազանությանը նվիրված COP 17-ին մասնակցող բնապահպանական միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանի կազմակերպչական ջանքերից գոհ են, սակայն բուն բանակցությունների ընթացքն առայժմ բավարար չէ. պնդում են՝ Երևանում երկրները հստակ պարտավորություններ պետք է ստանձնեն, բայց կողմերը դրան առայժմ մոտ չեն:

«Պետք է անկեղծ լինենք՝ բազմաթիվ քայլեր, որոնք կորոշեն 2030 թվականի համար սահմանված թիրախներին կհասնենք թե ոչ մինչ այժմ չեն իրականացվել», - Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Բնության համաշխարհային հիմնադրամի պահպանության գլխավոր տնօրեն Դաուդի Սումբան:

Սումբան առանց անուններ տալու ահազանգում է՝ որոշ պաշտոնյաներ այս օրերին ոչ թե բացթողումները չեզոքացնելու շուրջ են բանակցում, այլ ընդհակառակը՝ մեղմում են մինչ այդ իրենց ստանձած պարտավորությունների մասին ձևակերպումները. - «Սա հետքայլ է, նախարարները Երևանում են ոչ թե համաձայնեցվածը վերաբանակցելու, այլ իրականացումը արագացնելու համար»:

2022-ին Կանադայում կայացած COP 15 համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրները ավելի քան 2 տասնյակ թիրախներ սահմանեցին, որոնց պետք է հասնեն մինչ 2030 թվականը, մասնավորապես, պաշտպանության տակ վերցնել երկրի ցամաքային ու ծովային տարածքների առնվազն 30 տոկոսը, կենսաբազմազանության համար առնվազն 200 միլիարդ դոլար տրամադրել, առվազն 500 միլիարդ դոլարով կրճատել կամ վերաուղղորդել բնությանը վնասող սուբսիդիաները: 4 տարի է մնացել, սակայն աշխարհի պետություննները դեռ հեռու են թիրախներից:

Green Peace միջազգային բնապահպանական կազմակերպության պատվիրակության ղեկավար Ան Լամբրիխտը պնդում է՝ այս տեմպերով 2030-ին թիրախներից կեսին էլ երկրները չեն հասնի. - «Ժամացույցն աշխատում է և հրատապ է դարձել կենսաբազմազանության ճգնաժամին անդրադառնալը», - ասաց նա:

Թռչունների անվտանգության հարցերով զբաղվող BirdLife International միջազգային կազմակերպության ղեկավար Մարտին Հարփերը վիճակագրությունը ներկայացրեց՝ բաց ծովերի միայն 1.5 տոկոսն է պաշտպանության տակ, մինչդեռ անհրաժեշտ է 30 տոկոսին հասնել:

COP 17-ը նախագահող Հայաստանը միայն այս համաժողովի կազմակերպչական հարցերով չէ, որ զբաղվում է՝ նախագահությունը ստանձնելով առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանն այս բանակցությունների միջնորդն է լինելու: Համաժողովի օրակարգի համաձայն ուրբաթ օրը՝ մինչ երեկոյան 18:00-ն երկրները նոր փաստաթղթեր կստորագրեն և այդպիսով կամփոփեն կենսաբազմազանությանը նվիրված համաժողովը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG