Մատչելիության հղումներ

Չնայած COP17-ում բնիկ ժողովուրդների իրավունքների հարցը բարձրաձայնվում է, Արցախից տեղահանվածների մասին՝ ոչ մի բառ

COP17-ում Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների տաղավարում ներկայացված են աշխարհի տարբեր ծայրերում բնիկ ժողովուրդների խնդիրներն ու պատմությունները: Արցախից տեղահանված հայերի մասին՝ ոչ մի բառ:

Մինչ այդ COP17-ում քննարկվում են նաև բնիկ ժողովուրդների իրավունքները՝ կենսաբազմազանության վերաբերյալ որոշումների կայացման հարցում: Քենիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Ֆիլիպիններից բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ տարբեր խոսնակներ մամուլի ասուլիսից առաջ իրենց մայրենիով ողջունեցին, ապա հայտարարեցին, որ դեմ են COP17-ի առանցքային փաստաթղթի նախագծում ներառված տերմինաբանությանը, որում բնկիկ ժողովուրդները ներկայացված են որպես զուտ «այլ դերակատարներ»՝ սա լուրջ հետընթաց համարելով: Խոսնակները հարց էին բարձրացնում՝ ինչո՞ւ են իրենց սկսել ներկայացնել որպես ոչ առանցքային դերակատարների:

«COP17-ի այս նստաշրջանի հիմնական արդյունքներից մեկը պետք է լինի «ազգային կառավարություններից բացի այլ դերակատարներ» եզրույթի գործածությունից հրաժարվելը, որովհետև մենք պարզապես «ոչ կառավարություն» չենք։ Ես պարզապես «ոչ կառավարություն» չեմ․ ես բնիկ ժողովրդի ներկայացուցիչ եմ։ Մենք կանայք ենք, երիտասարդներ ենք, մենք դերակատարներ ենք։ Հետևաբար, պետք է հրաժարվենք «ազգային կառավարություններից բացի այլ դերակատարներ» եզրույթից», - ասաց Ֆիլիպինների ներկայացուցիչ Ջոջի Կարինյոն։

Քենիայի ներկայացուցիչ Ռամսոն Կուրմուշուն էլ հայտարարեց. «Մենք իրավատերն ենք, ոչ թե այլ դրեակատարները»:

«Ազատությունը» նրանց հարց ուղղեց Արցախցիների ու նրանց իրավունքների մասին: 2023-ին Ադրբեջանը բռնի տեղահանեց արցախցիներին, ինչի հետևանքով նրանք կորցրեցին հասանելիությունը իրենց հայրենիքին, հողին ու ջրին, բնությանն ու կենսաբազմազանությանը, մինչ այդ, ըստ անկախ հետազոտողների, Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է նաև Ղարաբաղի մշակույթը, այս տեղահանման հետևանքով վտանգված է նաև արցախցիների բարբառը: Արդյոք նրանց իրավունքները ինչ-որ կերպ քննարկվե՞լ են:

Խոսնակներից Ջենիֆեր Կորպուզը Ֆիլիպիններից ընդհանուր պատասխան տվեց. «Առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում մեր լսած թեմաներից մեկը պատերազմի և տեղահանման ազդեցությունն էր կենսաբազմազանության պահպանության վրա։ Տեղահանման մասին մեզ ներկայացված պատմությունը ծանոթ է նաև բնիկ ժողովուրդներին։ Մեզանից շատերը տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրերից՝ սովորաբար զինված հակամարտությունների, պատերազմների և նման այլ պատճառներով։ Սա ակնհայտորեն խզում է կապը մեր հողի, ավանդական գիտելիքների և հողն ու կենսաբազմազանությունը պահպանելու մեր մեթոդների հետ։ Ուստի սրանք հարցեր են, որոնք պետք է լուծում ստանան»:

Արցախցիներին, ի դեպ, նաև մերժել են տաղավար տրամադրել COP 17-ի կանաչ գոտում: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Երևանյան COP-ը համակարգող Շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ արցախցիների հայտը չի ընտրվել, քանի որ բնապահպանական օրակարգի թիրախային թեմաներից դուրս է եղել:

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի ու տարբեր դեսպանատների դիմաց

Մինչ արցախցիները ո՛չ կապույտ, ո՛չ կանաչ գոտիներում չկան, «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ բողոքի ակցիա է անցկացրել՝ ՄԱԿ-ի գրասենյակի ու տարբեր դեսպանատների դիմաց՝ պահանջելվով համապատասխան քննարկումներում և դիվանագիտական խորհրդակցություններում բարձրացնել նաև Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության հարցը, պահանջել Արցախի անտառների, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի և կենսաբազմազանության վիճակի անկախ միջազգային մշտադիտարկում, մշակութային ժառանգության պաշտպանություն,
ինչպես նաև աջակցել Արցախի բեռնի տեղահանված հայերի անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի իրավունքի իրացմանը:

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը կշարունակվի ևս տասը օր՝ մինչև հոկտեմբերի 30 -ը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG