Մատչելիության հղումներ

128 մլն-ի թերմոս, 24 մլն-ի բեյջի թել, 57 մլն-ի էկո պայուսակ. ընդդիմությունը քննադատում է COP17-ի ծախսերը

Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ազգային ժողովում ներկայացնում է  COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը, Երևան, 12-ը փետրվարի, 2026թ.
Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ազգային ժողովում ներկայացնում է COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը, Երևան, 12-ը փետրվարի, 2026թ.

Խորհրդարանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագրի քննարկումն ընդդիմությունն այսօր վերածեց իշխանականների հասցեին սուր քննադատության՝ պնդելով, որ միջազգային միջոցառման համար արված գնումները ուռճացված են, և պետբյուջեից միլիոնավոր դրամներ պարզապես փոշիացվել են:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից դիմեցին համաձայնագիրը ներկայացնող փոխարտգործնախարարին՝ փորձելով նախ պարզել, թե այդ համաժողովի անցկացման համար պետբյուջեից ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսվել:

«Համաձայնագրով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունը քարտուղարությանը պետք է փոխանցի 2 միլիոն 166 հազար 855 ԱՄՆ դոլարի չափ գումար համաժողովից ինն ամիս առաջ՝ կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար», - արձագանքեց փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ճշտեց՝ խոսքը Հայաստանի պետբյուջեի վրա նստող ընդհանուր ծախսի մասին է. - «Որքա՞ն է արժեցել: Դուք ասացիք, որ այսքան գումար փոխանցվել է քարտուղարությանը, իսկ բուն կազմակերպչական հարցերի համար ի՞նչ գումարներ են ծախսվել»:

Փոխարտգործնախարարն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե ծախսերի հստակ գումարը կարող են ասել համաժողովից հետո:

Իշխանությանը ոչ արդյունավետ ծախսերի համար մեղադրող «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր Լենա Մաթևոսյանը նախ շեշտեց, թե իրենք միջազգային համաժողովների անցկացմանը դեմ չեն, այլ դեմ են, որ նման միջոցառումները դառնան պետական միջոցներն անթափանցիկ ծախսելու առիթ: Ընդդիմադիր պատգամավորն ուսումնասիրել էր մասնավորապես գովազդային պայմանագրերը՝ ընդհանուր առմամբ երեքը:

«Առաջինի համար հատկացվել է մոտ 54 միլիոն՝ հեռուստատեսային և գովազդային լայնամասշտաբ արշավի համար, երկրորդ պայմանագրի համար՝ մոտ 208 միլիոն՝ ոչ թվային արտաքին գովազդի ստեղծման և տեղադրման համար, երրորդի համար՝ 189 միլիոն՝ թվային արտաքին գովազդի ստեղծման և տեղադրման համար: Սիրելի քաղաքացիներ, մոտ 452 միլիոն դրամ, այսինքն՝ կես միլիարդ դրամ ծախսվում է COP17-ի գովազդային արշավի համար», - հայտարարեց Մաթևոսյանը:

Պատգամավորը հատկապես խնդրահարույց համարեց այն, որ այդ երեք պայմանագրերի համար, առանց ծառայությունների մատուցման, տվյալ կազմակերպությանը միանգամից 90 տոկոս կանխավճար է փոխանցվել: Լենա Մաթևոսյանն ընդգծեց՝ խոսքը «Դոպինգ Սփեյս» ընկերության մասին է, որը կազմակերպել էր Ջենիֆեր Լոպեսի համերգը և մինչ օրս պետությանը չի վերադարձրել ավելի քան 534 միլիոն դրամը։ Բայց սա միակ խնդրահարույց դրվագը չէ, որ առանձնացրել է պատգամավորը:

«Ամեն պայմանագրում մոտ 40 աշխատակից է առանձնացված, որոնք աշխատանքային հստակ բնութագրեր ունեն, մեկ էլ դնում ես իրար կողք էդ աշխատանքային բնութագրերը, պարզվում է ինչ՝ նույն աշխատանքային բնութագրերն էին: Այսինքն՝ հնարավոր էր ընդամենը մեկ պայմանագիր ստորագրել, 40 աշխատակցով իրականացնել էդ աշխատանքները, բայց, իհարկե, ո՞նց կարելի է, պետք էր երեք պայմանագիր՝ աստղաբաշխական թվերով, ստորագրել ու գովազային արշավ իրականացնել», - ասաց ընդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Էլ չեմ խոսում՝ էնտեղ մի հատ ստեղծագործական հայեցակարգի համար միլիոններ էր գրված որպես գումարի հատկացում, քիչ է մնում, օրինակ, երիտասարդներին ասես՝ «բանուգործդ թող, գնա ստեղծագործական աշխատանքով զբաղվիր, որովհետև մի քանի օրում միլիոններ կարող ես վաստակել»:

Պայմանագրերը «Դոպինգ Սփեյս»-ի հետ կնքվել են առանց մրցույթի: Բացի գովազդային արշավներ կազմակերպելուց, այս ընկերությունը նաև կապի, հաղորդակցության և տրանսպորտի ծառայություններ է մատուցելու: Ընդդիմադիրներին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքով են պետական գերատեսչությունները հենց այս կազմակերպության վրա կանգ առել:

«Եթե տեղի չի ունեցել մրցույթ, մեզ բացատրեք, թե որոնք են էն ստանդարտները, որոնցով, օրինակ, դուք ընտրել եք էս կազմակերպությունը», - նշեց Լենա Մաթևոսյանը:

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Լիանա Մանուկյանը, ամբիոնին մոտեցավ թերմոսով, կրծքանշանով, բեյջի կախիչներով և պայուսակով։ Նա պնդեց, որ Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ։ Պայմանագրերի ուսումնասիրությունը փաստում է, որ 16 500 ջրաման կամ թերմոս է գնվել՝ յուրաքանչյուրը 7 800 դրամով, ինչի համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 128 միլիոն դրամ, 19 700 բեյջի թել՝ յուրաքանչյուրը մոտ 1 200 դրամով՝ ավելի քան 24 միլիոն դրամ, իսկ 16 500 էկո պայուսակ՝ յուրաքանչյուրը 3 400 դրամով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 57 միլիոն դրամ։ Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, թե այս ապրանքները հնարավոր էր ավելի էժան գնել:

Թե COP-ի համար գնվածի ու ընդդիմադիր պատգամավորի ուսումնասիրած ապրանքների տեխնիկական բնութագրերն ինչով են տարբերվում կամ առհասարակ տարբերվում են, թե ոչ, «Ազատությանը» հայտնի չէ:

«Քանի որ պայմանագրերում, բոլոր պայմանագրերում, ի դեպ, COP-ում, բացակայում են բնութագրիչները, ես իրականացրեցի շուկայի փոքրիկ վերլուծություն, ձեռք բերեցի մեր շուկայում առկա լավ որակի, չորս տարբեր մոդելի թերմոս: Դրանց արժեքը տատանվում է 2000-ից մինչև 3 500 դրամի սահմաններում մանրածախի համար, բոլոր կտրոնները առկա են: Եթե ես դրանց վրա անեի բրենդային տպագրություն, կծախսեի ևս 1000 դրամ: Այսինքն՝ մանրածախ ամենաթանկ գինը կունենայի 4 500 դրամ՝ ձեր ձեռք բերած 7 800-ի փոխարեն», - հայտարարեց Լիանա Մանուկյանը:

Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու․ ընդդիմադիրների նույնաբովանդակ մի քանի ելույթ լսելուց հետո նրանց հենց այսպես հակադարձեց ԱԺ փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը: Նա ոչ ներկայացված թվերի իսկությունը դրեց կասկածի տակ, ոչ էլ արձագանքեց ընդդիմության մեղադրանքներին, թե Կառավարությունը մեկ անձից ոչ թափանցիկ գնումներ է արել, որովհետև, ըստ Ալեքսանյանի, ընդդիմության կռիվն այլ բանի մասին է:

«Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ գործ ունի քոսոտ ծայրագավառը՝ իրեն դրել է պետության տեղ, սենց միջոցառում է կազմակերպում: Ձեր ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որ մաքսիմում կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է ինչ-որ մի հատ՝ լավագույն դեպքում, դա Հայաստանի տենց լավագույն ու գերադրական աստիճանով; Ձես էս ամեն ինչը ձեռ չի տալիս, հարգելի գործընկերներ», - հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ Վահագն Ալեքսանյանին հակադարձեց. - «Մենք ընդդիմություն ենք, եկել ենք ասում ենք՝ իշխանության ներկայացուցիչներ ջան, ստեղ խնդիր կա, ստեղ հնարավոր կոռուպցիոն ռիսկ կա, պարոն Ալեքսանյանը էլի գնում է Կալուգա: Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզում Կալուգա՝ տոմս առնենք, թռեք մի հատ Կալուգա, տեսեք էդտեղ ինչ կա, մի հատ գնացեք, ման եկեք, մի հատ հանգստացեք»:

Փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանն, իր հերթին, արդեն լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե գնումներն արել են ՄԱԿ-ի սահմանած չափանիշներով:

ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 19-ից 30-ը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG