Մատչելիության հղումներ

ԱՄՆ օրենսդիրները բանկերին և նավահանգիստներին զգուշացնում են ռուսական դիզվառելիքի ներմուծման իրավական հետևանքների մասին

Նավթամթերք տեղափոխող «Ռոսնեֆտ»-ի «Վլադիմիր Մոնոմախ» տանկերը Բոսֆորում, արխիվ
Նավթամթերք տեղափոխող «Ռոսնեֆտ»-ի «Վլադիմիր Մոնոմախ» տանկերը Բոսֆորում, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի թե դեմոկրատ, թե հանրապետական ճամբարների մի խումբ օրենսդիրներ զգուշացրել են ամերիկյան բանկերին, նավահանգիստներին և վառելիքի ոլորտի կազմակերպություններին՝ ձեռնպահ մնալ ռուսական դիզելային վառելիքի ներմուծմանն աջակցելուց։ Այս քայլը նախազգուշացումից բացի մեծացնում է նաև հավանականությունը, որ Կոնգրեսը կարող է հետաքննություն սկսել և իրավական գործողություններ ձեռնարկել՝ ռուսական վառելիքի նկատմամբ սահմանափակումները մեղմացնելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման շուրջ։

ԱՄՆ խոշոր բանկերի և մի շարք նավահանգիստների ղեկավարներին ուղղված նամակներում ամերիկացի օրենսդիրները նախազգուշացրել են, որ ռուսական դիզելային վառելիքի ներմուծումը կարող է խախտել դաշնային օրենսդրությունը և նրանց ընկերություններին ենթարկել քաղաքացիական ու քրեական պատասխանատվության։

Կոնգրեսականները նաև նշել են, որ նման ներմուծումները մտահոգություններ են առաջացնում ազգային անվտանգության տեսանկյունից, քանի որ դրանց միջոցով Մոսկվան լրացուցիչ եկամուտներ կստանա՝ Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար։

Օրենսդիրների այս միջամտությանը նախորդել էր նախագահ Թրամփի վերջին հայտարարությունը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որի համաձայն Մոսկվան ԱՄՆ-ին կմատակարարի դիզելային վառելիք, որի ծավալները առաջիկա ամիսներին կարող են ավելանալ։

Նամակները վկայում են, որ Ռուսաստանի հարցում Սպիտակ տան քաղաքականության դեմ քաղաքական և իրավական պայքարում կարող է նոր ճակատ բացվել։ Դեմոկրատները կարող են զգալի հետաքննական լիազորություններ ստանալ, եթե նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում վերականգնեն վերահսկողությունը Կոնգրեսի մեկ կամ երկու պալատների նկատմամբ։

«Ռուսական դիզելային վառելիքի ցանկացած ներմուծում ԱՄՆ լուրջ իրավական հարցեր է առաջացնում և կարող է դառնալ ինչպես դատական գործընթացների, այնպես էլ Կոնգրեսի հետաքննությունների առարկա»,- գրել են օրենսդիրները։

Խմբում ընդգրկված են դեմոկրատ սենատորներ Ջին Շահինը, Ռոն Ուայդենը, Շելդոն Ուայթհաուսը, Քրիս Քունսը և Էլիզաբեթ Ուորենը, ինչպես նաև պաշտոնավարումն ավարտող հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Գրեգորի Միքսը։

Նրանք պահանջել են պահպանել նախատեսվող կամ արդեն իրականացված գործարքների վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ պայմանագրերը, բեռնափոխադրման փաստաթղթերը, վճարումների գրանցումները, նավահանգիստներում ամրագրումների տվյալները, ինչպես նաև մատակարարների և ԱՄՆ պետական պաշտոնյաների հետ սեպտեմբերի 1-ից սկսած նամակագրությունն ու հաղորդակցությունները։ Բացի այդ, օրենսդիրները պահանջել են մինչև հոկտեմբերի 28-ը հայտնել՝ արդյոք տեղեկություններ ունեն ռուսական դիզելային վառելիքի նախատեսվող կամ արդեն իրականացված ներմուծումների մասին։

Նամակներն ուղարկվել են ԱՄՆ խոշոր բանկերի, այդ թվում՝ Goldman Sachs-ի գլխավոր գործադիր տնօրեններին, ինչպես նաև Տեխասի Հյուսթոն, Քորպուս Քրիստի և Բոմոնտ նավահանգիստների ու Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչակազմերի ղեկավարներին։

Օրենսդիրների վկայակոչած հրապարակումների և նավերի տեղաշարժին հետևող համակարգերի տվյալների համաձայն՝ ռուսական դիզելային վառելիք տեղափոխող նավերը կարող են Բոմոնտ և Նյու Յորք–Նյու Ջերսի հասնել արդեն հոկտեմբերի վերջին։

Վեճի առանցքային հարցն այն է, թե արդյոք վարչակազմի տրամադրած արտոնագիրը համապատասխանում է Կրեմլի դեմ Կոնգրեսի ընդունած սահմանափակումներին։
Օրենսդիրները հղում են արել 2022 թվականին ընդունված «Ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին» օրենքին (Ending Importation of Russian Oil Act), որն ընդհանուր առմամբ արգելում է ռուսական ծագման էներգակիրների ներմուծումը, եթե նախագահը, Կոնգրեսի հետ խորհրդակցություններից հետո, պաշտոնապես չի հավաստում, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմական գործողություններն Ուկրաինայում, անմիջական ռազմական սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար և ճանաչում է ուկրաինացիների՝ սեփական կառավարությունն ընտրելու իրավունքը։

Նրանք նաև պնդել են, որ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (Countering America's Adversaries Through Sanctions Act, CAATSA) 216-րդ բաժինը պահանջում է Կոնգրեսի հավանությունը ստանալ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերանայող որոշումների դեպքում։ Օրենսդիրների պնդմամբ՝ վարչակազմը չի կատարել այդ պահանջը։

Թրամփի վարչակազմն իր հերթին պնդում է, որ իր գործողություններն օրինական են և համապատասխանում են ամերիկյան պատժամիջոցների կիրառման համար պատասխանատու կառույցի՝ Ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի որոշումներին։ Սպիտակ տունը օրենսդիրների նախաձեռնությունը որակել է քաղաքական։

«Դեմոկրատներն արդեն իսկ ցույց են տալիս, որ հերթական անգամ ամերիկացիների կյանքը բարելավելու որևէ օրակարգ չունեն և փոխարենը շարունակելու են նախագահ Թրամփի նկատմամբ հետաքննություններ անցկացնելու իրենց տասնամյա մոլուցքը», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Թեյլոր Ռոջերսը։

Փորձագետների գնահատմամբ՝ օրենսդիրների նախազգուշացումները կարող են բարդացնել վարչակազմի ծրագրերի իրականացումը, նույնիսկ եթե արտոնագիրը նվազեցնում է ԱՄՆ գործադիր իշխանության սահմանած պատժամիջոցները խախտելու վտանգը։

Akin իրավաբանական ընկերության միջազգային առևտրային քաղաքականության ավագ խորհրդական Մայքլ Ուեյնը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Կոնգրեսի հակազդեցությունն ուշագրավ է, սակայն ԱՄՆ ներմուծումները խնդրի միայն մի մասն են։

Նրա խոսքով՝ առանցքային հարցն այն է, թե արդյոք օտարերկրյա գնորդները, որոնք նախկինում խուսափում էին գործ ունենալ ռուսական վառելիքի հետ, այժմ կապանքներից ձերբազատված կզգան իրենց, ինչը կարող է վարչակազմի նպատակի մասը լինել։ Արդյունքում բեռների մի մասը կարող է վերավաճառվել Ամերիկյան մայրցամաքի այլ երկրներին, որտեղ վառելիքի պահանջարկը շարունակում է բարձր մնալ։

Saratoga Foundation-ի նախագահ, Ռուսաստանի հարցերով երկարամյա ռազմավարական փորձագետ Գլեն Հովարդի գնահատմամբ՝ նամակները կարող են ստիպել ԱՄՆ խոշոր բանկերին խուսափել այդ գործարքների ֆինանսավորումից։

«Սա շատ կարևոր է, քանի որ նամակն ուղարկվել է ԱՄՆ բոլոր խոշոր բանկերին և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ նրանք կսառեցնեն Թրամփի վարչակազմի՝ գործարքն առաջ տանելու ջանքերին աջակցելու ցանկացած նախաձեռնություն»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հովարդը, ում կարծիքով՝ այս զարգացումը հուշում է, որ վարչակազմը պատշաճ չի գնահատել գործարքի իրավական խոչընդոտներն ու ռազմավարական հետևանքները։

Հնարավոր հետևանքները չեն սահմանափակվում միայն առաջիկա մատակարարումներով։
Բանկերը և այլ միջնորդ կազմակերպությունները կարող են զգուշանալ Կոնգրեսի կողմից փաստաթղթեր ներկայացնելու պարտադիր պահանջներից, ցուցմունք տալու հրավերներից կամ հետագա դատական գործընթացներից, նույնիսկ եթե համոզված են, որ այդ գործարքը թույլատրված է ֆինանսների նախարարության արտոնագրով։

Ոլորտի աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությունը սեպտեմբերին օրական շուրջ 175 հազար տոննայից հոկտեմբերի առաջին կեսին նվազել է մինչև 160 հազար տոննա, այնուհետև արտահանման նոր քվոտաների սահմանումից հետո սկսել է վերականգնվել՝ մոտենալով օրական 180 հազար տոննայի։

Այս մատակարարումները կարող են Ռուսաստանին լրացուցիչ եկամուտներ ապահովել, սակայն իրավական անորոշությունը կարող է զսպել ամերիկյան որոշ գնորդների հետաքրքրությունը և հանգեցնել բեռների վերաուղղորդմանը դեպի այլ շուկաներ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG