Մատչելիության հղումներ

Բայրամովի պնդմամբ՝ Սահմանադրության փոփոխությունը համապատասխանում է հենց Հայաստանի իշխանության շահերին

Լրացված
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Հայաստանի ներսում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ Սահմանադրության փոփոխությունը համապատասխանում է հենց հայաստանյան իշխանությունների շահերին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի հարցում և նվիրված է մնում այդ գործընթացին», - ադրբեջանական Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ջեյհուն Բայրամովը Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են Հայաստանից հնչող տարբեր հայտարարություններին՝ կապված խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքների ավարտի հետ։

«Ադրբեջանը վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովում ցուցադրեց իր բարի կամքը։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի իրական արդյունքները։ Սակայն Հայաստանում կան ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է գիտակցի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար», - ասել է Բայրամովը։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը, ի դեպ, վաղը կժամանի Հայաստան։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե հայ հասարակությունը պետք է գիտակցի խաղաղության կարևորությունը, հնչում է Հայաստանի իշխանությունների՝ պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին։ Բաքուն, մինչդեռ, որպես պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

​
XS
SM
MD
LG