Մատչելիության հղումներ

Աջափնյակի մետրոյի համար տարածքները կճանաչվեն գերակա շահ. Ավինյան

Բոլոր այն տարածքները, որոնք անհրաժեշտ են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման համար, կճանաչվեն հանրային գերակա շահ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այսօր հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընգծելով, որ գերակա շահ հայտարարելու համար անցկացված հանրային լսումները հաջող են անցել, հիմա ամփոփվում են արդյունքները։

«Եկեք ֆիքսենք, որ մեկ ամիս ժամանակ ունենք այդ որոշումը կայացնելու համար, այսինքն՝ առաջ տանելու, որպեսզի Կառավարությունն այդ որոշումը կայացնի»,- այսօր վերջնաժամկետ սահմանեց Ավինյանը։

Շինարարությունը սկսելուց առաջ քաղաքապետարանը պետք է ձեռք բերի Հրազդանի կիրճին հարակից մոտ 42 հազար քառակուսի մետր տարածքի վրա գտնվող մասնավոր սեփականությունը՝ ընդհանուր 33 գույք:

Ամիսներ առաջ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը հայտարարել էր, որ նախնական հաշվարկով մոտ 27 միլիոն դոլար է պետք ծախսել դրանք գնելու համար։

Այսօր գործակարգավարական նիստում Ավինյանը շտապեց հայտարարել նաև, որ «անկախ ամեն ինչից՝ հաջորդ տարի պետք է սկսել շինարարությունը»։

«Բոլոր դեպքերում։ Կլինի այս գործընկերոջ հետ, մյուս գործընկերոջ հետ, արդեն անկեղծ ասած ինձ գործընկերը չի հետաքրքրում, որքան որ բուն իրականացումը, որ իմ աչքերով տեսնեմ, որովհետև մենք շատ-շատ երկար ենք խոսել այս ամենի մասին։ Հասկանում եմ, որ մետրո կառուցելու գիտելիքը և կարողությունը մենք կորցրել ենք, բայց կարևոր պայման է՝ Աջափնյակի կայարանի կառուցումը պետք է իրականացնի հայկական ընկերություն՝ կոնսորցիումով կլինի, կբերի ինքը, այլ գործընկներների հետ կանի։ Դա ուղղակի չի լինելու միջազգային. «եկան, արեցին, ցտեսություն»։ Էդ տրամաբանությունը խնդրում եմ մոռանալ։ Դա պետք է լինի հայկական ընկերություն»,- ասաց Երևանի քաղաքապետը՝ հավելելով այդ մի կայարանով չեն ցանկանում սահմանափակվել։

«Աջափնյակ» կայարանի շինարարությունն արդեն վաղուց պետք է սկսված լիներ. 3.5 տարի առաջ անձամբ վարչապետ Փաշինյանն էր ազդարարում շինարարության մոտալուտ մեկնարկը:

«2024 թվականին պետք է սկսենք շինարարությունն «Աջափնյակ» կայարանի, և շատ կարևոր է սա»,- կառավարության նիստերից մեկի ժամանակ էր ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2026 թվականի պետական բյուջեի օրենքով «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2 միլիարդ դրամ է նախատեսված՝ շուրջ 5.5 միլիոն դոլար:

«Աջափնյակի» կայարանի խոստացված շինարարությունը դեռ չմեկնարկած «Քաղաքացիական պայմանագիրը» -ն այս տարի հունիսին խորհդրարանական ընտրություններից առաջ խոստանում էր նաև մինչև 2033-ը սկսել և ավարտել նաև «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև նոր վերգետնյա կայարանի կառուցումը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG