Մատչելիության հղումներ

Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական․ Ավինյան

Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն ընկերությունների ցանկ է կազմվել, և դրանց թվում նաև ռուսական ընկերություններ կան, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ Աջափնյակի մետրոյի ծրագրում «առաջընթաց կա»:

«Կա ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր է ուղարկվելու, և մրցութային տրամաբանությամբ իրենց միջից ընտրություն է կատարվելու», - ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ նախ պետք է ընտրվի ծրագրի կառավարիչը, որի ինժեներները կիրականացնեն տեխնիկական վերահսկողությունը, իսկ դրանից հետո կընտրվի մետրոյի շինարարությունն իրականացնող ընկերությունը։

«Առաջինի՝ կառավարչի մասով ցանկ ունենք, կառուցողների մասով որոշակի պատկերացումներ ունենք», - նշեց Ավինյանը։

«Ազատության» ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ծրագրում ռուսական կողմը ներգրավվի, քաղաքապետը հաստատեց, որ ռուսական ընկերությունները դիտարկվում են, բայց թե որ ընկերությունը կընտրվի՝ «դա ցույց կտա կյանքը»։

Ավինյանը լրագրողների հարցերին պատասխանել է Երևանի մաքրման համար ձեռք բերված նոր հատուկ տեխնիկայի՝ ձեռքի փոշեկուլները ներկայացնելու ժամանակ:

Ընդամենը օրեր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի շինարարությանը ռուսական կողմի մասնակցության հարցը։

«Իրենք մեծ փորձ ունեն էստեղ, և ուրախ կլինենք, որ իրենք էդ հարցում մեզ աջակցեն», - ասել էր Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել էր, որ «Աջափնյակ»-ը դիտարկվում է որպես Երևանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկ։ Նրա խոսքով՝ այս պահին տեսադաշտում առնվազն ևս չորս նոր կայարանի կառուցման տեսլական կա՝ մետրոյի ճյուղը Աջափնյակով և Ակադեմիական քաղաքով մինչև «Չարբախ» հասցնելու և շրջանաձև երթևեկություն ապահովելու համար։

«Աջափնյակ» կայարանի կառուցումը տարիներ շարունակ գործող իշխանությունների խոստումներից է։ Մինչ քաղաքապետ Տիգրան Ավինյանը այն անվանում է քաղաքապետարանի թիվ մեկ ծրագիրը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը այս տարվա խորհրդարանական ընտրությունների ծրագրով մինչև 2031 թվականը խոստանում է միայն սկսել շինարարությունը, իսկ ավարտը նախատեսում է մինչև 2033 թվականը։

Նոր կայարանի կառուցումը տարիներ շարունակ հետաձգվում է, ավելին՝ դրա համար հատկացված գումարն անցած տարի ուղղվել էր այլ ծրագրերի:

XS
SM
MD
LG