Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ քննարկվում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը մասնակցության հարցը

Երևանի մետրոպոլիտենը, արխիվ
Երևանի մետրոպոլիտենը, արխիվ

Ռուսաստանի հետ քննարկվում է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը իրենց մասնակցության հարցը, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև իրենք մեծ փորձ ունեն էստեղ, և ուրախ կլինենք, որ իրենք էդ հարցում մեզ աջակցեն», - ասաց վարչապետը:

«Եվ մենակ Աջափնյակի մասին չի, Աջափնյակը նոր փուլի, Երևանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկ է, ըստ էության, և մի կայարանով չի: [...] Էդ մի կայարանը բարեհաջող կառուցենք, ավարտենք, հետո դրանից հետո երկրորդ, երրորդ ... էս պահին տեսադաշտում առնվազն չորս նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի «Չարբախ» կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորություն ունենանք», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը արդեն տարիներ Հայաստանի գործող իշխանությունների խոստումներից է: Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է՝ «Աջափնյակ» կայարանի կառուցումը քաղաքապետարանի թիվ 1 ծրագիրն է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը այս տարվա խորհրդարանական ընտրություններին ներկայացրած ծրագրով մինչև 2031 թվականը կառուցման աշխատանքների միայն մեկնարկն է խոստանում, իսկ ավարտը՝ 2033-ին:

XS
SM
MD
LG