Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ արշավի շրջանակում մշակված օրենսդրական փոփոխություններն այսօր քննարկվում են Ազգային ժողովում։
Նախագիծը ներկայացրել են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ ով է նախագծի իրական հեղինակը։
ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը պնդեց, որ ինքն էլ նախագծի համահեղինակն է, և այն մշակվել է կառավարության հետ սերտ համագործակցությամբ։ Նիստին մասնակցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ հաստատեց, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի շրջանակում։
Բաթոյանի խոսքով՝ նախագիծն արձագանքում է վարչապետի կնոջ սկսած արշավին, սակայն հարցը քաղաքական չէ։ Նա հիշեցրեց, որ Հակոբյանը թեման քննարկելու առաջարկով դիմել էր խորհրդարանական բոլոր խմբակցություններին։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, սակայն, մերժել էին նրա հետ հանդիպման հրավերը։
Հուլիսից ընտանեկան բռնության դեմ արշավ սկսած Աննա Հակոբյանն առաջարկում էր Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունն ամրագրել որպես առանձին հանցագործություն։
Այսօր ԱԺ-ում քննարկվող նախագիծը վերաբերում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին գործող օրենքին։ Առաջարկվում է ուժեղացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, բռնություն գործադրած անձանց համար պարտադիր դարձնել վերականգնողական ծրագրերին մասնակցությունը և գործարկել միասնական անվճար թեժ գիծ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին ընտանեկան բռնության դեպքերով քննվել է 1794 քրեական գործ։