Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հանդիպումից հետո ռուսական զինուժը գիշերը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա: Կիևում և Խարկովում կան զոհեր, վիրավորների թիվն անցնում է երեք տասնյակը:
Ուկրաինան իր հերթին հարվածել է Ռուսաստանին, կան վիրավորներ: Մոսկվայի մարզում ուկրաինական հարվածել են զենք-զինամթերք արտադրամասի:
Մոսկվան համաձայն է
Երեկ էին Պուտինն ու Սթիվ Ուիթքոֆը բանակցել Սանկտ Պետերբուրգում: Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնականն հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է վերականգնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպումները:
«Նախագահը Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ սկզբունքորեն պատրաստ ենք հիմնական թեմայի շուրջ վերսկսել եռակողմ բանակցությունները նոյեմբերի 10-ին։ Թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը կոնֆլիկտի ավարտից հետո»,- ասել է Ուշակովը:
Պուտինի օգնականը նշել է, թե կարգավորման գործընթացը մոտենում է ավարտին: «Չգիտեմ, թե որքան մոտ ենք, բայց շարժվում ենք այդ ուղղությամբ», - ասել է նա:
Հանդիպում Չինաստանում
Ուշակովի խոսքով՝ անդրադարձել է եղել նաև չինական Շենժենում առաջիկայում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպմանը: Եթե հանգամանքները բարենպաստ լինեն, հանդիպում կարող է լինել, ասել է նա:
Կողմերը խոսել են նաև ԱՄՆ և համաշխարհային շուկաներ ռուսական դիզվառելիքի մատակարարման մասին, ինչի շուրջ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել էին վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ ԱՄՆ-ի կողմից ռուսական դիզվառելիքի նկատմամբ որոշ պատժամիջոցների վերացումից հետո այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, ասել է Ուշակովը:
«Երկու կողմերն էլ ընդգծել են, որ գործարքը ծառայում է ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերին, այլև կնպաստի վառելիքի համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի կայունացմանը»,- ասել է Պուտինի օգնականը։
Ուկրաինան կողմ է
Կիևը հայտարարել է, որ կողմ է եռակողմ բանակցությունների վերսկսմանը: Ուկրաինայի նախագահն ասել է, որ կողմ են նաև առաջնագծի սառեցմանը՝ որպես հրադադարի առաջին քայլ:
«Կարծում եմ՝ սա այս պատերազմն ավարտելու իրական ճանապարհն է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին և պնդել՝ ցանկացած համաձայնագրի դեպքում ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինային:
Վեճ արբանյակային կապի շուրջ
Մինչ այդ Կիևը Վաշինգտոնին մեղադրել էր ամերիկյան SpaceX ընկերության արբանակային կապը դանդաղեցնելու մեջ, ինչը ռուսական թիրախներին անօդաչուներով հարվածելու հարցում դժվարություններ է ստեղծում Ուկրաինայի համար: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը պարզաբանել էր, թե ԱՄՆ կառավարությունն է դա արել: Թրամփը, սակայն, հերքել է:
«Ես ներգրավված չեմ եղել։ Չգիտեմ՝ ով է եղել, բայց ես ներգրավված չեմ եղել»,- ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ հիմա Ուկրաինայի հարցով բանակցում են Ռուսաստանի հետ և վերջին շրջանում առաջին անգամ մոտ են համաձայնության:
Ուկրաինացիները չեն հավատում
Ուկրաինացիները, սակայն, թերահավատ են: «Բոլորը հույս ունեն, որ այս պատերազմը կավարտվի, բայց ինչպե՞ս։ Դեռ չեմ տեսնում որևէ նշան, որ այն կավարտվի»,- ասել է Կիևի բնակիչ Օլեhը:
«Ոչ, չեմ հավատում։ Դատելով, թե ինչ է գրում մամուլը, Պուտինը պատրաստ չէ համաձայնել որևէ խաղաղ բանակցության կամ զիջման։ Նույնիսկ եթե Զելենսկին ենթադրաբար պատրաստ է զիջել տարածքների մի մասը, չեմ կարծում, որ Պուտինը կհամաձայնի»,- ասել է Օլhա անունով Կիևի մեկ այլ բնակիչ։
Այս ֆոնին Ռուսաստանն ու Ուկրաինան դիեր են փոխանակել. ռուսական կողմը փոխանցել է 252, ուկրաինականը՝ 25 մարմին: