Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներկայիս ռազմաճակատի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցումը Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ամենաիրատեսական ուղին է և ճանապարհ է հարթում հրադադարի շուրջ բանակցությունների համար։
«Մենք պետք է հիմա սառեցնենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ սա այս պատերազմն ավարտելու իրական ճանապարհն է ... սառեցնել և դադարեցնել», - Fox News-ի «Fox and Friends» հաղորդման ժամանակ երեկ ասել է Զելենսկին՝ ի պատասխան հարցի, թե արդյոք կհամաձայնի այնպիսի համաձայնագրի, որով զորքերը կկանգնեն այնտեղ, որտեղ հիմա են:
Զելենսկին այս հայտարարությունն արել է հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափով, բայց ընդգծել է, որ Կիևը պետք է ուղիղ մասնակցի Ուկրաինային վերաբերող բոլոր հարցերի քննարկմանը։
«Ես միշտ ասել եմ, որ մենք բաց ենք ցանկացած ձևաչափով, ցանկացած թեմայով բանակցությունների համար։ Բայց խնդրում եմ, մեր մասին չխոսեք առանց մեր մասնակցության»,- ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Ուկրաինայի գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և եվրոպացի դաշնակիցների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրում Կիևին։ Նրա խոսքով՝ նման երաշխիքները կնշանակեն, որ ուկրաինացիները չեն վախենա, որ կարող են կրկնվել օկուպացիան, ագրեսիան և սպանությունները:
Վեճ արբանյակային կապի շուրջ
Հարցազրույցը հրապարակվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Կիևը Վաշինգտոնին մեղադրեց Starshield-ը՝ SpaceX-ի կողմից շահագործվող ռազմական կապի համակարգը, դիտավորյալ դանդաղեցնելու մեջ, որից կախված են ուկրաինական զորքերն առաջնագծում: Ուկրաինան նաև օգտագործում է Starlink-ը՝ SpaceX-ի քաղաքացիական արբանյակային ցանցը:
Զելենսկին պնդել է, որ երկու ծառայություններն էլ «շարունակում են սահմանափակումներով» գործել, բայց հավելել է. «Պետքարտուղարը [Մարկո Ռուբիոն –խմբ.] ինձ ասաց, որ կաշխատի իր թիմի հետ՝ իրավիճակը շտկելու համար»։
Ամերիկյան Wall Street Journal-ը օրեր առաջ գրել էր, որ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն անձամբ է կարգադրել սահմանափակել Starshield-ի ծառայությունները։ Մասկը նախկինում պնդել էր, թե սահմանափակումներն անում է կառավարությունը, սակայն ԱՄՆ նախագահը հերքել էր դա։