Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին Հայաստանին է մեղադրել պատերազմը սկսելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է՝ «մենք վրեժ լուծեցինք մարտադաշտում և խաղաղություն առաջարկեցինք Հայաստանին»:

«Մենք խաղաղություն առաջարկեցինք և արդեն մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ ապրում ենք խաղաղության մեջ: Այս խաղաղությունը դեռևս փխրուն է և պետք է պաշտպանվի և ամրապնդվի»,- APA-ի փոխանցմամբ՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի 7-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալիս ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե «պատերազմը մեր ընտրությունը չէր. Հայաստանը մեզ ստիպեց պատերազմի»:

«Նրա կողմնակիցները, ըստ երևույթին, չէին սպասում, որ Ադրբեջանը ուժի միջոցով կվերականգնի իր ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը: Բայց նրանք բոլորը սխալվում էին», - ասել է Ալիևը։

6 տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա: 44-օրյա պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Վեց տարի անց անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

3 տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ևս մեկ լայնածավալ ռազմական հարձակմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչի հետևանքով ամբողջովին հայաթափվեց տարածաշրջանը, Բաքվի ուժերը գերեվարեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:

​
XS
SM
MD
LG