Մատչելիության հղումներ

Լրացավ Արցախի հայաթափման երրորդ տարին

Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո արցախցիները զանգվածաբար լքում են Լեռնային Ղարաբաղը, սեպտեմբեր, 2023 թ.
Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո արցախցիները զանգվածաբար լքում են Լեռնային Ղարաբաղը, սեպտեմբեր, 2023 թ.

Այսօր լրանում է Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի ու Արցախի հայաթափման երրորդ տարին։ Այս դեպքերին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի տասնամյսա լիակատար բլոկադան Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի մինչ օրս անհետ կորած է համարվում։

Լայնածավալ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը նաև գերեվարեց Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների, այդ թվում նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին ու մոտ չորս ամիս պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանին: Այս տարեսկզբին արդեն՝ նրանք բոլորը դատապարտվեցին 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման՝ ռազմական ծանր հանցագործությունների մեղադրանքով:

Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շուրջ տասն ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի, դեղորայքի ու ջրի պաշարները սպառման եզրին էին։

Ի հիշատակ և ի հարգանք զոհվածների՝ մի խումբ քաղաքացիներ այսօր երթ են անցկացրել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Եռաբլուր» է այցելել նաև Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամյանը:

2023 թ. սեպտեմբերի 19-ի առավոտը

2023-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանը հաղորդեց, թե Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հատվածում Արցախի պաշտպանական բանակի կողմից տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 2 քաղաքացիական անձինք, ովքեր այդ տարածքում էլկտրամոնտաժման աշխատանքեր էին անում։

Մի քանի ժամ անց Բաքուն հաղորդեց մեկ այլ պայթյունի մասին, այս անգամ էլ պնդելով, թե «ահաբկեչության» հետևանքով մահացել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ, ովքեր «ԿամԱզ»-ով Թաղավարդ գյուղի ճանապարհով ուղևորվում էին ավելի վաղ տեղի ունեցած պայթյունի վայր։ Պաշտոնական Բաքուն պնդեց, թե տեղի ունեցածը ցույց է տալիս, որ «Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմի նպատակը ահաբեկչությունն է»։

Ստեփանակերտը հերքեց Բաքվի բոլոր մեղադարանքները։

Բաքվի «հակաահաբեկչական գործողությունը»

Ադրբեջանը հայտարարեց՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը»՝ նշելով, թե իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Բաքուն հայտարարեց, թե «տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»։ ՀՀ ՊՆ-ն էլ հակադարձեց՝ Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։

Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով, իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ Արցախի պաշտպանության բանակի պաշտպանության խորքը։ Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:

Ժամը 16-ի սահմաններում, արդեն վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ կային։ Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվեցին նաև սեպտեմբերի 20-ի առավոտյան։

Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ և ժամը 15։00-ի սահմաններում կրակն Արցախում դադարեց։

Բաքուն հայտարարեց, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է և սեպտեմբերի 20-ին նախատեսվում է հանդիպում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

2023թ․ սեպտեմբերի 21

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանեց Եվլախ, որտեղ մեկնարկեց հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Ավելի ուշ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

2023թ․ սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որում նշվում էր, որ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։ Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց՝ մարդիկ բռնեցին գաղթի ճամփան:

Վերադարձի իրավունքը՝ փակ թեմա հայ - ադրբեջանական օրակարգում

Հայաստանի իշխանությունները, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բանակցում էին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար միջազգային երաշխիքներ ձևավորելու շուրջ, վերջին տարիներին փակել են վերադարձի իրավունքի հարցը մի տարածաշրջան, որտեղ հայերը ապրել են դարերով:

Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հորդորել տեղահանված արցախցիներին տնավորվել Հայաստանում, իսկ վերադարձի հարցը բարձրացնելը վտանգավոր է համարում՝ հիմնավորելով, որ Բաքուն կարող է հայելայի պահանջ ներկայացնել:

Խորհրդարանական ընդդիմությունն ու Հայաստանում հաստատված Արցախի իշխանության նախկին ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ պետք է պայքարել միջազգային հուսալի երաշխիքներով վերադարձի իրավունքի համար:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG