Մատչելիության հղումներ

«Անկլավ, էքսկլավ չի լինելու»․ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր պատկերացումը

Վարչապետն այսօր հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ։ Այսօր, տեսաուղերձում ներկայացնելով խաղաղության մասին իր տեսլականը, Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե այս տեսլականի իրագործելիության տպավորություն է ստացել Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներից հետո։

«Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», - հայտարարել է վարչապետը, կրկին ընգդծելով՝ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն Ալմաթայի հռչակագրի հիման վրա։

Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը․«Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն՝ TRIPP նախագծի շրջանակում և ոչ միայն։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն՝ այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով՝ աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ», - հայտարարել է Փաշինյանը։

«Ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով», - հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձել է նաև փոխադարձ տարածքային պահանջներին՝ ընդգծելով, որ երկու երկրները պետք է հրաժարվեն դրանցից։ «Հայաստանն ու Ադրբեջանը իրար ոչ մի պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով, ներառյալ՝ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ», - ասել է նա։

Բաքուն շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։ Ադրբեջանական կողմը Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը տարածքային պահանջ է համարում իր նկատմամբ։

Երևանը հերքում է, թե Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, սակայն Փաշինյանի կառավարությունն այժմ նոր Սահմանադրություն է մշակում։ Արդեն հայտնի է, որ նոր սահմանդարությունում չի լինի հղում Անկախության հռչակագրին, սակայն հայտնի չէ, թե երբ այն կդրվի հանրաքվեի։

Վարչապետի այսօրվա հայտարարությունից էլ պարզ չդարձավ՝ արդյոք խաղաղության իր ներկայացրած պատկերացումն իրագործելու հնարավորության մասին խոսելիս նա նկատի ուներ նաև Սահմանադրության փոփոխությունը։

Նախօրեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ էր գումարել։ Դատելով հրապարակված՝ առանց ձայնի տեսանյութից՝քննարկման առանցքում նաև նոր սահմանադրությունն է եղել։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG