Երբեմն և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում՝ անգամ պաշտոնական մակարդակում նեգատիվի ալիք է բարձրանում. Իլհամ Ալիևի ներկայությամբ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընգդծելով երկու երկրների միջև խաղաղությունն անթերի չէ։
«Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Նկատի ունեմ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։ Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը»,- ասել է Փաշինյանը։
Կրկնելով իր խոսքերը, որ խաղաղությանը պետք է ամեն օր հոգ տանել ու հիշեցնելով, որ կողմերը տասնյակ տարիներ են կոնֆլիկտի մեջ եղել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի նախագահի հետ անհնարինին են հասել։
«Պարզապես պետք է հասկանալ, որ ավելի քան 30 տարի տևած հակամարտությունը հնարավոր չէ մեկ ակնթարթում անջատել անջատիչի մեկ շարժումով։ Դրա համար ժամանակ և հետևողականություն կպահանջվեն։ Եղել են բազմաթիվ զոհեր, տառապանքներ, թշնամանք, վեճեր և համոզմունք, որ հակամարտության այսքան տարիներից հետո Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցությունն այլևս անհնար է»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, նաև TRIPP նախագծի մասին խոսեց՝ հայտարարելով, որ այն կիրականացվի մոտ ապագայում, տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման մասին խոսելիս Փաշինյանն հիշատակեց նաև Հայաստանի հարավային ու հյուսիսային հատվածների միջև Նախիջևանի տարածքով կապի վերականգնումը: Վաշինգտոնյան պայմանավորվածություններից ավելի քան մեկ տարի անց, սակայն, միայն հենց TRIPP նախագծի մասին են նորությունները. արդեն տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն են իրականացնում և հնարավոր է հաջորդ տարի մեկնարկեն շինարարությունը, Երևանից Մեղրի հասնելու համար Նախիջևանի տարածքը նույն կերպ՝ անխոչընդոտ օգտագործելու վերաբերյալ նորություններ, սակայն, չկան:
«TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին, որոնք ձեռք կբերեն լոգիստիկ նոր հնարավորություններ»,- հավելել է Փաշինյանը։
Ադրբեջանի անախագահ Իլհամ Ալիևը նստած էր Նիկոլ Փաշինյանի կողքին. նա, սակայն, իր ելույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին որևէ բառ չասաց:
Փաշինյանի այցը Թուրքմենբաշի երեկ մեկնարկեց, առանձազրույցներ ունեցավ Թուրքմենստանի ու Ուզբեկստանի, Իրանի նախագահների հետ, երեկ երեկոյան էլ ԱՊՀ անդամ 9 երկրների ղեկավարները շրջում էին ազգային մշակույթի և ուտեստների փառատոնի տաղավարներով: Հայաստանի տաղավարում հավաքվածներին ողջունեցին պարերով ու տեղում պատրաստված ուտեստներով, իսկ Ադրբեջանի տաղավորում ցուցադրում էին «19-րդ դարի ղարաբաղյան տան ինտերիերը»:
Ոչ պաշտոնական շփումների ընթացքում լրագրողներն, օրինակ, ֆիքսել են՝ ինչպես է խմբային լուսանկարին պատրաստվելիս Ալիևը իր ու Փաշինյանի մասին ասում՝ «մեզ բաժանել էլ չի լինի», իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կես կատակ, կես լուրջ Փաշինյանին ասում է՝ «մեզնից չես փախչի»։
Վարչապետը Թուրքմենբաշիում էլ հեծանվավազքի դուրս եկավ, հերթական հոլովակում ֆոնային երաժշտությունն այս անգամ ադրբեջաներեն էր։