Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Իրկուտսկից Հայաստան ժանտախտի ներբերման ռիսկի կանխարգելման հանձնաժողով

Վարչապետի որոշմամբ՝ Իրկուտսկից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով հանձնաժողով է ստեղծվել: Որոշումը հրապարակվել է e-gov.am-ում: Այն ղեկավարելու է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վերջին օրերին Ռուսաստանում ժանտախտի տարածման կասկածներ կան: «Ազատության» «Сибирь.Реалии» նախագիծն ավելի վաղ հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել էր ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։

Չնայած Մոսկվան հերքում է, Ռուսաստանի հարևան որոշ երկրներ արդեն իսկ խստացրել են անվտանգության միջոցառումները, իսկ Միացյալ նահանգները Ռուսաստանին է կոչ արել ստույգ տեղեկություններ տրամադրել։

Հայաստանն օրերս առկախել էր իր մասնակցությունը՝ Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտում ժանտախտին վերաբերող գիտաժողովին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր: ԱՀԿ-ն հայտարարում է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:

​
XS
SM
MD
LG