Թե Հայաստանում, թե Իրանում TRIPP-ի գործընթացների շուրջ կա բավարարվածություն, այսօր խորհրդարանում հայտարարեց Թեհրանից վերադարձած արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով այնտեղ հանդիպել էր նախագահին, արտգործնախարարին ու խորհրդարանի խոսնակին:
«Իրանում, առնվազն իմ տպավորությամբ, TRIPP-ի շուրջ այն աղմուկը, որ կա հայաստանյան որոշ մեդիառեսուրսների, ընդդիմադիր շրջանակների կողմից միտումնավոր, ամենևին չի համապատասխանում իրականությանը: Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացում մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որ ապաշրջափակումն ընձեռելու է հենց Իրանին։ Շատ լավ քննարկում ենք ունեցել, հնչել են հարցեր, տրվել պատասխաններ»,- նշեց նախարարը՝ հեգնելով, թե այդ և այլ հարցերով աղմուկը բարձրացվում է մեկ նպատակով՝ «սկսել պատերազմ, դիմել Փրկիչի օգնությանը»:
Չնայած Միրզոյանի այս պնդմանը, Իրանի արտգործնախարարը հայ գործընկերոջ հետ հանդիպմանը կրկնել էր տարածաշրջանում երրորդ երկրների ներկայության մասին Թեհրանի վերապահումը:
Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ հայ -ամերիկյան TRIPP նախագիծը շահավետ է նաև տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Բայց ԱՄՆ-ի հետ պատերազմող Իրանը մի շարք վերապահումներ ունի Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրի առնչությամբ: Օրերս Երևանում Իրանի դեսպանը, մասնավորապես, ասել էր, թե Թեհրանը դեմ չի լինի հայ - ամերիկյան նախագծին, եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
Արարատ Միրզոյանն այսօր նաև վստահեցրեց՝ Երևանը Թեհրանի հետ հարաբերությունները վտանգի տակ չի դնելու. - «Մենք խորացնելու ենք Իրանի հետ հարաբերությունները այնքանով, որքանով միջազգային սանկցիաները թույլ են տալիս, այնքան ժամանակ, քանի դեռ չենք հայտնվի այն սահմանագծին, երբ Հայաստանն ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում և տնտեսությունը կփլուզվի»,- հավելեց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե Իրանում եղե՞լ է քննարկում բեռնափոխադրումների մասով:
Հայաստանում վերջերս ցեմենտի պակասուրդ էր առաջացել: Երկրում օգտագործվող ցեմենտի շուրջ 42 տոկոսը հարևան Իրանից է ներկրվում: Պաշտոնապես չհայատարարվեց, բայց վաճառողները ենթադրում էին, որ պատճառը Իրանից ներկրումների շղթայի խափանումներ են ու սահմանին գոյացած հերթերը: Բեռնափոխադրումների սահուն ընթացքն ապահովելու հարցն, ի դեպ, քննարկվել էր Արարատ Միրզոյանի և Իրանի խորհրդարանի խոսնակի հանդիպմանը:
Իրանն այժմ ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ է, որոնք նաև ավիաընկերությունների վրա են տարածվել, որոշ երկրներ, օրինակ, Ադրբեջանը, դադարեցրել են իրանական ավիաընկերությունների չվերթները: Երրորդ երկրները ևս կարող են պատժամիջոցների տակ ընկնել՝ իրանական ավիաընկերությունների գործունեությանը նպաստելու համար:
Պաշտոնական Երևանը մինչ այս պահը դեպի Իրան ու հակառակ ուղղությամբ թռիչքների սահմանափակման կամ կասեցման մասին չի հայտարարել: