Ակտիվ շինարարության այս շրջանում Հայաստանում ցեմենտի պակասուրդ կա. ոչ բոլոր տեղերում է հնարավոր գտնել, որտեղ էլ կա, վաճառում են մի քանի հարյուր դրամով ավելի թանկ՝ քան մի քանի շաբաթ առաջ:
«Ազատությունն» այսօր շինանյութի մի քանի խանութում եղավ. ցեմենտ գտանք միայն երկուսում: Համլետ Նավասարդյանը մի խանութ էր եկել, որտեղ ավելի քան երկու շաբաթ ցեմենտ չկար, միայն երեկ երեկոյան հայկական արտադրության մի քանի տասնյակ պարկ ցեմենտ են ստացել, Արարատի ցեմենտի գործարանից մատակարարումները դադարել էին:
Մեկ այլ խանութում իրանական արտադրության ցեմենտ են վաճառում, ներկրողը տեսախցիկի այն կողմում պատմեց՝ հարևան երկրից բեռնափոխադրումները վերջին շաբաթներին բարդացել են, սահմանին մեծ հերթեր են, հարյուրավոր բեռնատարներ են կանգնած:
Չնկարահանվելու պայմանով մեզ հետ զրուցած մարդիկ ասում են՝ դեֆիցիտի պատճառը Իրանում ծագած խնդիրներն են, Հայաստանում արտադրածն էլ առաջին հերթին խոշոր կառուցապատողներին ու պետական ծրագրերի իրականացմանն են տրամադրում:
Շաբաթներ առաջ մատակարարումների շղթայի խնդիրներով իրավիճակը պայմանավորեց նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա այժմ վստահեցնում է, որ պետության կառավարմանն անցած, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանն այժմ էլ ավելի շատ է արտադրում:
Եթե Երևանում թեկուզ ավելի բարձր գնով ցեմենտ գտնել հնարավոր է, Շիրակի մարզում ընդհանրապես ցեմենտ չեն վաճառում. Գյումրեցի շինարար Հովհաննեսը ցեմենտ չի կարողանում գտնել օրեր շարունակ:
Տղամարդը պատմում է՝ Գյումրիում ևս ակտիվ շինարարություն է ընթանում և հիմա իր տպավորությամբ աշխատանքները դադարեցրել են. «Կիսատ, կանգնած են»:
Արարատի ցեմենտի գործարանը Հայաստանում շինանյութի պահանջարկը չի ծածկում. Հայաստանում օգտագործվող ցեմենտի շուրջ 42 տոկոսը հարևան Իրանից են ներկրում. անցած տարի Հայաստանում շուրջ 1.7 միլիոն տոննա ցեմենտ են օգտագործել, որից ավելի քան 700 հազար տոննան Իրանից են գնել:
Հայաստանում պահանջարկի աճին զուգահեռ վերջին տարիներին կտրուկ մեծացել է նաև ներկրման ծավալը: 2022-ի համեմատ անցած տարի Հայաստանում ցեմենտի պահանջարկը մեծացել է 43 տոկոսով: Պարզ հաշվարկ անենք՝ 2025 թվականին Հայաստանում օրական գրեթե 5000 տոննա ցեմենտ է սպառվել, 22-ին, մինչդեռ, ծավալը 3300 տոննայի էլ չէր հասնում:
Ինչո՞ւ են սահմանին հերթեր գոյացել
Թե կոնկրետ ի՞նչ խնդիր կա Իրանից ցեմենտի մատակարարման շղթայում և ինչո՞ւ են սահմանին հերթեր գոյացել, պաշտոնապես չեն պարզաբանում: Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, թե սահմանն անցնելու ու մաքսային խնդիրները Պետական եկամուտների կոմիտեի տիրույթում են: Իսկ այս կառույցից վստահեցրեցին, որ հայկական կողմում որևէ խնդիր չկա, մաքսային ձևակերպումները չեն ձգձգում:
Իրանական լրատվամիջոցները գրում են, որ գազը խնայելու համար գործարարները մազութ են օգտագործում, ինչը նույնպես գների վրա է ազդում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կիրառած նավագնացության սահմանափակումների և Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու պատճառով տարածաշրջանում բեռնափոխադրումները դժվարացել են և թանկացել: Հերթեր են նաև Իրանի ու Թուրքիայի սահմանին: Վարորդներն այնտեղ AP-ին օրերս պատմում էին՝ մեկ օրվա ճանապարհն այժմ մեկ շաբաթում են անցնում:
Ցեմենտի պակասուրդի այս շրջանում այս շաբաթ հանդիպել են Իրանում Հայաստանի դեսպանն ու այդ երկրի փոխնախագահն ու քննարկել բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները: Թե կոնկրետ ո՞ր խնդիրներն են քննարկել ու անդրադարձել են արդյոք ցեմենտի մատակարարումներին հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունից պարզ չէ: