Այսօր Նյու Յորքում ամերիկացի պաշտոնյաները նախատեսում են ներկայացնել այն ֆինանսական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնց միջոցով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը պետք է անցնի գործնական իրականացման փուլ։
Բայց արդյոք այս ծրագրին բոլո՞րն են կողմ տարածաշրջանում, կամ բոլո՞րն են դրա իրագործումը նույն կերպ պատկերացնում: Այսօր «Թրամփի ուղի» նախագիծը քննարկել են «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած ֆորումում:
Թեհրանը դեմ չէ TRIPP-ի իրականացմանը՝ երկու պայմանով. Իրանի դեսպան
Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, Civilnet-ի փոխանցմամբ, նշել է, որ Իրանը դեմ չէ TRIPP ծրագրի իրականացմանը, բայց միայն երկու պայմանի դեպքում. եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
Ի դեպ՝ որպես այդպիսի նկրտումների նշան Իրանի դեսպանը նշել է փաստը, որ Ադրբեջանի ղեկավարները շարունակում են շատ բացահայտ և ուղղակիորեն խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«Ադրբեջանն է «Թրամփի ուղու» վերածված «Զանգեզուրի միջանցքի» հեղինակը»
Ֆորումին տեսակապով մասնակցող ադրբեջանցի քաղաքագետ Վասիֆ Հուսեյնովն, ի դեպ, իր խոսքում գործածում էր հենց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, նշելով, որ հենց Ադրբեջանն է «Թրամփի ուղու» վերածված «Զանգեզուրի միջանցքի» հեղինակը:
«Մենք այս երկու եզրույթներն էլ օգտագործում ենք որպես փոխադարձ փոխարինելի»
Վասիֆ Հուսեյնովն ուղիղ հարց տրվեց՝ ինչո՞ւ են շարունակում կիրառել այդ տերմինը, ի՞նչ են հասկանում դրա տակ, և ըստ ադրբեջանական կողմի՝ կա՞ արդյոք տարբերություն TRIPP-ի և «Զանգեզուրի միջանցքի» միջև:
«Մեր տեսանկյունից չկա։ «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ մենք նկատի ունենք Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապը կամ միջանցքը, որը երաշխավորում է TRIPP-ը։ Եթե նայենք TRIPP-ի փաստաթղթերը, կտեսնենք, որ նույն ձևակերպումներն են: Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է TRIPP-ն անվանել «Զանգեզուրի միջանցք»։ Եվ դա երբեք չի նշանակել Հայաստանի հարավի օկուպացիա», - ասաց Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի քաղաքագետ Վասիֆ Հուսեյնովը։
«Այդ ձևակերպումը ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ»
«ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը նկատեց՝ այդ ձևակերպումը ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմիցս Ադրբեջանից հնչեցրել են դրա բացատրությունը. այն է՝ արտատարածքային միջանցք, որ թույլ կտա ուղևորվել Բաքվից Նախիջևան նույն կերպ, ինչպես որ ուղևորվում են Բաքվից, օրինակ, Սումգաիթ:
«Հայաստանի տեսանկյունից TRIPP-ը արտատարածքային միջանցք չէ»
Բենիամին Պողոսյանը նաև կարևորեց, որ TRIPP-ի գործարկման դեպքում միաժամանակ բացվեն բոլոր սահմաններն ու ապաշրջափակվի տարածաշրջանը:
«Եթե բոլոր սահմանները միաժամանակ չբացվեն, ապա կունենանք հետևյալ հերթականությունը․ սկզբում՝ TRIPP-ը, հետո՝ Հայաստան–Ադրբեջան սահմանը Տավուշում, այնուհետև՝ Հայաստան–Նախիջևան սահմանը, իսկ հետո՝ Հայաստան–Թուրքիա սահմանը։ Բայց Հայաստանում, մենք հիմնավոր մտահոգություններ ունենք, որ հաջորդ քայլերը կարող են այդպես էլ երբեք տեղի չունենալ։ Ադրբեջանը կստանա TRIPP-ը, ԱՄՆ-ի միջնորդությամբ կունենա անխոչընդոտ հասանելիություն դեպի Նախիջևան, իսկ այնտեղից՝ ուղիղ դեպի Թուրքիա։ Կստացվի, որ Ադրբեջանը գոհ է, Թուրքիան գոհ է, իսկ Հայաստանը՝ հավանաբար ոչ այնքան», - ընդգծեց «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատողը:
Վասիֆ Հուսեյնովն ասում է՝ ծանոթ է հայաստանցի վերլուծաբանների այդ մտահոգություններին, բայց դրանք անհիմն է համարում. «TRIPP-ի գործարկումն արդեն իսկ կնշանակի հայ-ադրբեջանական սահմանի բացում հարավային հատվածում։ Հետևաբար, TRIPP-ը գործարկել և միաժամանակ սահմանները փակ պահել հնարավոր չէ, որովհետև տրամաբանորեն TRIPP-ի գործարկումն արդեն նշանակում է, որ սահմանը որոշակի հատվածում բացվում է՝ առնվազն մասնակիորեն:
«Արտաքին դերակատարները չպետք է փորձեն համոզել Թուրքիային մի կողմ դնել իր գործընկերոջը»
Թուրքիայից Եվրասիական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Հեյզել Չաղան Էլբիրին ուղղված հարց հնչեց՝ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանն առանց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առկայության, և հնարավո՞ր է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ազդեն Անկարայի վրա այդ հարցում:
«Ես ի սկզբանե պնդել եմ, որ տարածաշրջանից դուրս գտնվող այլ դերակատարներ չպետք է ներգրավվեն։ Արտաքին դերակատարները չպետք է փորձեն համոզել Թուրքիային մի կողմ դնել իր գործընկերոջը, քանի որ Թուրքիան երբեք իր գործընկերոջը չի վերաբերվել որպես խոչընդոտի», - պատասխանեց Հեյզել Չաղան Էլբիրին:
Ռուսաստանն ի՞նչ մտահոգություններ ունի
Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի նախկին գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը հիշեցնում է, որ Ռուսաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և դրական է գնահատել նաև Միացյալ Նահանգների ջանքերը՝ նման պայմանավորվածության հասնելու ուղղությամբ։ Բայց Ռուսաստանը տարածաշրջանում իր տրանսպորտային շահերն ունի, որը կփորձի պահպանել:
«Ռուսաստանի համար սա երկրորդական հարց չէ»
«Սա ընդհանուր առմամբ նրա տրանսպորտային ռազմավարության մի մասն է և, մասնավորապես, վերաբերում է Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Այսինքն՝ սա միայն Հարավային Կովկասի հարց չէ, այլ ընդհանուր առմամբ եվրասիական հաղորդակցության ուղիների հարց է», - նշեց Անդրեյ Կորտունովը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի որ երկաթուղին ռուսական է, արևմտյան ընկերությունները խուսափում են դրա հետ գործ ունենալ, վախենալով հայտնվել պատժամիջոցների տակ, ուստի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը պետք է տրվի բոլոր կողմերի համար ընդունելի երրորդ երկրի:
Արդյոք սա իրատեսական ուղի՞ է, ըստ Անդրեյ Կորտունովի, քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն բան էլ հնարավոր է, բայց. «Իհարկե, շատ բան կախված է նաև նրանից, թե որքանով Հայաստանը կկարողանա դիմակայել Եվրոպական միության կողմից հնարավոր ճնշմանը, որը կփորձի հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքներում:
Ի դեպ, նախօրեին Նյու Յորքում պանելային քննարկման ժամանակ TRIPP-ի մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ այժմ Երևանի աշխատանքները կենտրոնացած են հենց այս նախագծի կյանքի կոչման վրա և շեշտելով, որ TRIPP-ը նոր դարաշրջան կբացի Հայաստանի համար: