Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է 468 մլրդ դրամի պարտք վերցնել

Հայաստանի 2027 թվականի բյուջեի եկամտային մասը կկազմի ավելի քան 3.6 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը կգերազանցեն 4 տրիլիոնը։ Կառավարությունը այս դեֆիիցտը փակելու համար մտադիր է 468 մլրդ դրամի պարտք վերցնել։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության 2027 թվականի բյուջեի նախագծից։

Կառավարությունը կանխատեսել է, որ 2026-ին տնտեսական աճը կկազմի 5.6 տոկոս, իսկ եկող տարի 5.8 տոկոս, եթե կապիտալ ծախսերի դերը պահպանվի, Ամուլսարի ոսկու հանքն էլ սկսի շահագործվել։ Կառավարությունն այս տարվա համար սպասում է նաև ներմուծման ու արտահանման ծավալների նվազում, սակայն ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մի շարք ապրանքների գծով սահմանափակումներ է կիրառել, այլ որովհետև վերաարտահանման դերը կտրուկ նվազել է։ Ակնկալվում է, որ արտահանման ուղղությամբ անկումը կկազմի 11.2 տոկոս։ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերն են շարունակում մնալ ծառայությունների, շինարարության ու արդյունաբերության ոլորտները։

Կառավարությունը եկող տարի մտադիր է 18.6 տոկոսով ավելացնել բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը։ Այս նպատակով նախատեսվում է ծախսել ավելի քան 318 մլրդ դրամ, 50 միլիարդով ավելի, քան հիմա է։ Վերջերս կառավարությունը նախաձեռնեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթաց՝ վերանայելով դրույքաչափերը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվեցին։

Կառավարության եկող տարվա առաջնահերթություններն են առողջապահության ապահովագրության համակարգի աշխատանքի շարունակականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագրերը (կհատկացվի 50 մլրդ դրամ), ակադեմիական քաղաքի ծրագիրը (կհատկացվի 6.8 մլրդ դրամ), անկանխիկ վճարման դեպքում կենսաթոշակառուների հետվճարի համակարգը (կծախսվի 60 մլրդ):

​
XS
SM
MD
LG