Այս գիշեր ռուսական զորքերը կրկին հարձակվել են Կիևի վրա, վեց անգամ օդային տագնապ է հնչել: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի տան տանիքին, տուժածներ չկան:
Այսօր առավոտյան Կիևում կրկին անօդաչուի հարձակման է ենթարկվել Հյուսիսային կամուրջը, Կլիչկոն հայտնել է ավտոճանապարհի վնասման մասին:
Վերջին օրերին ռուսները հարձակվում են Ուկրաինայի մայրաքաղաքի երկու կարևորագույն ավտոտրանսպորտային կամուրջների վրա՝ Հարավային և Հյուսիսային: Դա հանգեցրել է քաղաքում մեծ խցանումների:
Դնեպր քաղաքի կենտրոնում ռուսները հարվածել են հեռահաղորդակցության ընկերության շենքի, հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկրի վրա արձակվել է առնվազն 135 անօդաչու, դրանց մեծ մասը հաջողվել է ոչնչացնել:
Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Սումի քաղաքի վրա կառավարվող ավիառումբեր են նետել, որոնք ընկել են բնակելի շենքերի մերձակայքում: Առնվազն 5 մարդ է տուժել, 2-ը ծանր վնասվածքներ են ստացել:
Երեկ ռուսները նաև Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկում հարված են հասցրել Լիբերիայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի, անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե այդ նավը ռազմական բեռ էր հասցրել Ուկրաինա: