Մատչելիության հղումներ

Ռուսները հարվածել են Կիևի նաև Հյուսիսային կամրջին. Խարկովում ռումբերի տակ 2 կին է զոհվել

Ուկրաինա - Ռուսները հարվածում են Կիևի Հյուսիսային կամրջին, 3-ը հոկտեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Ռուսները հարվածում են Կիևի Հյուսիսային կամրջին, 3-ը հոկտեմբերի, 2026թ.

Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 157 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 131-ը հաջողվել է խոցել, հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: 12 վայրերում անօդաչուները հարվածներ են հասցրել, ևս 5-ում բեկորներ են ընկել:

Կիևում ռուսական բանակի թիրախ է դարձել Հյուսիսային կամուրջը: Վնասվել են ավտոճանապարհը և տրոլեյբուսային ցանցը, հաղորդել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Երթևեկությունը կամրջի վրա ձախ ափից աջ ափ փակվել է, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

Կիևի խոշոր կամուրջներից մեկին՝ Հարավային կամրջին Ուկրաինա ռուսների ներխուժումից հետո առաջին հարվածները հասցվել են հոկտեմբերի 1-ին և շարունակվել երեկ: Կամրջով երթևեկությունը, այդ թվում՝ մետրոպոլիտենի գնացքի, ամբողջովին դադարեցված է:

Երեկվա հարձակումներից հետո երթևեկության սահմանափակումներ են մտցվել քաղաքի ևս չորս կամուրջների վրա: Կիևում մեծ խցանումներ են առաջացել: Ուկրաինայի մայրաքաղաքում Դնեպր գետի վրայով ընդհանուր թվով 9 կամուրջ կա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր մեկնաբանել է հարվածը Հյուսիսային կամրջին՝ պնդելով, թե այն «ապահովում է զորքերի և ռազմական բեռների փոխադրումը ի շահ Ուկրաինայի զինված ուժերի»:

Շաբաթ օրը ռուսական բանակը հարձակվել է Խարկովի վրա կառավարվող ռումբերով: Վնասվել է շուրջ երկու տասնյակ բնակելի տուն, զոհվել են երկու տարեց կանայք, վիրավորվել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա:

Խարկովի մարզում ռուսական հարվածների հետևանքով ընդհանուր թվով հինգ մարդ է զոհվել, հաղորդել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:


​
XS
SM
MD
LG