Մատչելիության հղումներ

Շաքիի միջադեպից մեկ օր անց. ինչ է հայտնի

Տեսարան Շաքի գյուղից
Տեսարան Շաքի գյուղից

Համառոտ

  • Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից երեկ Սյունքի Շաքի գյուղում տեղացի մի կին է վիրավորվել:
  • Նասիմ Մուսաևը, ըստ Բաքվի, Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին: Երևանի ու Բաքվի պաշտոնական պարզաբանումներից պարզ չի դառնում, թե կոնկրետ երբ է զինծառայողը հատել Հայաստանի սահմանը ու քանի օր է շրջել Սյունիքում՝ նախքան երեկ ձերբակալվելը:
  • Հայաստանում ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել էր զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Այսօր ավելացավ նաև սահմանը ապօրինի հատելու ու զենքի մաքսանենգության հոդվածը:

Ինչ վիճակում է տուժած կինը

«Ազատության» տեղեկություններով՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած կինը վիրահատության կարիք ունի: Նա ազդրի հատվածում է վնասվածք ստացել: «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է:

Ոտքի շրջանում հրազենային վիրավորում ստացած կինը երեկ նախ Սիսիանի բժշկական կենտրոնում էր բուժօգնություն ստացել, ապա տեղափոխվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Երեկ ուշ երեկոյան գլխավոր դատախազությունը հայտնեց, որ վնասվածքներ են ստացել նաև կնոջ 15 և 12 տարեկան երեխաները՝ մեկը աջ դաստակի կոտրվածք, մյուսը՝ փափուկ հյուսվածքների սալջարդ: Թե ինչպես ու ինչ հանգամանքներում են վնասվել երեխաները, պաշտոնական աղբյուրը չի հստակեցնում: Երեխաներից մեկի կոտրված դաստակին գիպս է դրվել, մյուսին հոգեբանական աջակցություն ցուցաբերվել:

Ինչ է հայտնի ադրբեջանցի զինծառայողի մասին

Քննչական կոմիտեն այսօր կեսօրից հետո հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Քննչական կոմիտեն չի բացահայտում, թե որ դատարանն է քննելու կալանքի միջնորդությունը:

Երեկ քրեական գործ էր հարուցվել զենքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն կրելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Հանրային աղմուկից հետո այսօր առավոտյան գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ ևս մեկ վարույթ է հարուցել՝ սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հոդվածներով: Երկու գործերը միավորվել են:

Երեկ Շաքիի միջադեպից հետո Ադրբեջանի գլխավող դատախազությունը հայտնեց, որ Մուսաևը Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին, քրեական գործ է հարուցվել նրա անհետացման փաստով:

Երևանը մինչ այդ հաղորդել էր, որ Բաքուն իրեն զորամասից անհետացած զինվորի հարցով դիմել է սեպտեմբերի 29-ին: Արդյոք Նասիմ Մուսաևը հենց սեպտեմբերի 26-ի՞ն է ներթափանցել Հայաստանի տարածք, այսինքն 5 օր շարունակ այստեղ է գտնվել, հայաստանյան պետական կառույցները մինչ այս պահը չեն հստակեցրել:

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը գրում է, որ չի կարողացել կապ հաստատել զինվորի ծնողների հետ: Այնուամենայնիվ, ադրբեջանական լրատվամիջոցներն ու «Տելեգրամ» ալիքները մի տեսանյութ են տարածում, որտեղ անձինք, ովքեր ներկայանում են որպես Նասիմ Մուսաևի հարազատներ, տագնապով պատմում են, որ զինվորն անհետացել է Լաչինի զորամասից և բողոքում, որ զորամասի ղեկավարությունից ոչ ոք չի ընդունում իրենց, իսկ իրենք չգիտեն՝ տղան ողջ է, թե մահացած:

«Խնդրում ենք, պարոն նախագահ, պարոն պաշտպանության նախարար, օգնեք մեզ», - տեսանյութում ասում է տղամարդկանցից մեկն, ով ենթադրաբար Մուսաևի հայրն է:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG