Մատչելիության հղումներ

Գալուզինը Հայաստանում «քաղաքական շարժառիթներով սեփականության վերաբաշխման» նշաններ է տեսնում

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի տնտեսական օպերատորների շահերի ոտնահարումը չի մնա առանց ռուսական կողմի պատշաճ արձագանքի, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նկատվում են «քաղաքական շարժառիթներով սեփականության վերաբաշխման» նշաններ, ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Գալուզինի մեկնաբանությունում:

«Կանոնավոր կերպով հայկական կողմի հետ շփումներում բարձրացնում ենք Հայաստանում ռուսաստանյան բիզնեսի աշխատանքի պայմանների թեման: Տարբեր մակարդակներով մեզ վստահեցրել են, որ հայրենական ներդրումներին ոչինչ չի սպառնում: Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարություններն ամեն ինչում չէ, որ համընկնում են իրականության հետ», - նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Անդրադառնալով հայկական երկաթուղու խնդրին՝ Գալուզինն ասել է. - «Պնդում են, թե ռուսական ներկայությունն իբր Հայաստանին զրկում է մրցակցային առավելություններից արևմտյան պատժամիջոցների պատճառով: Այնինչ իրականում ամեն ինչ հակառակն է՝ ռուսական ընկերությունը շատ տարիներ բոլոր եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի աջակցման, նորացման և զարգացման գործում»:

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ «կոնցեսիայի վաճառքի մասին հետևողական խոսակցությունները՝ առանց համոզիչ բացատրության, թե ինչով դա կարող է պետք լինել ռուսական կողմին, կարող են վկայել այն մասին, որ դրանց տակ թաքնված է երկաթուղիների առգրավումը և փոխանցումը ի նպաստ այլ պետությունների աշխարհքաղաքական շահերի»:

Հայկական կողմը տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը:

Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:


Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG