Եվրամիությունը, Ուկրաինան և ՄԱԿ-ի անդամ ևս 50 երկրներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ իրենց աջակցությունը հայտնելով Կիևին և Մոսկվային կոչ անելով համաձայնել հրադադարին:
Համաձայն հայտարարության՝ դեռ 2025 թվականի մարտին «Ուկրաինան համաձայնել է կրակի լիակատար, անհապաղ և անվերապահ դադարեցմանը»: «Կոչ ենք անում Ռուսաստանին անել նույնը, ինչն ահրաժեշտ քայլ է դեպի բովանդակալից դիվանագիտություն և բանակցություններ՝ ուղղված խաղաղությանը», - ասված է հայտարարությունում:
Փաստաթղթի հեղինակները, որոնց թվում են, մասնավորապես, Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Պանաման, Բալթյան երկրները, Վրաստանը, Մոլդովան և Իսրայելը, պահանջում են նաև անմիջապես հարենիք վերադարձնել բոլոր կամայականորեն ձերբակալված, հարկադիր տեղահանված Ուկրաինայի քաղաքացիներին, այդ թվում՝ երեխաներին:
«Ուկրաինան խաղաղություն է ուզում: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, համաձայնի կրակի դադարեցմանը և կառուցողականորեն մասնակցի բանակցություններին հանուն համապարփակ, արդար և հարատև խաղաղության», - ասված է հայտարարությունում: