Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, կհանդիպի նաև Մարկո Ռուբիոյի հետ

ՌԴ արտգործերի նախարար Սերգեյ Լավրովը (աջից) մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի (ձախից) հետ հանդիպմանը՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի շրջանակներում, 23-ը հուլիսի, 2026թ.
ՌԴ արտգործերի նախարար Սերգեյ Լավրովը (աջից) մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի (ձախից) հետ հանդիպմանը՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի շրջանակներում, 23-ը հուլիսի, 2026թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի շրջանակում կհանդիպի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Լավրովի ելույթը կկայանա շաբաթ՝ սեպտեմբերի 26-ին։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ նախարարը կներկայացնի Ռուսաստանի մոտեցումները ժամանակակից ամենահրատապ հարցերի վերաբերյալ, կգնահատի ՄԱԿ-ի գործունեությունը և կներկայացնի առաջարկներ նրա հեղինակությունը վերականգնելու համար։

Լավրովը նաև մի շարք բազմակողմ և երկկողմ բանակցություններ կվարի։ Այսօր, մասնավորապես, նա կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպմանը պարզել ուկրաինական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, այդ թվում՝ Վաշինգտոնի միջնորդական ջանքերին վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստան, ապա Ուկրաինա ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցից հետո բանագնացները հայտարարեցին, որ ցանկանում են վերականգնել Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով հանդիպումները: Կիևը կողմ է արտահայտվել, Մոսկվան էլ չի բացառել նման հնարավորությունը:

Ուկրաինան և Ռուսաստանը նաև հայտարարում են էներգետիկ հրադադարի անհրաժեշտության մասին, սակայն շարունակում են հարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին: Երեկ էլ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, եթե Մոսկվան իր հերթին չհարվածի Ուկրաինայի էներգետիկ համակարգին։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են մոտ 130 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Հիմնական միջոցառումները սկսվել են երեկ։ Քննարկման հիմնական թեմաներն են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորումը։


XS
SM
MD
LG