Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը. Լավրով

Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ցանկանում ենք վերջ տալ այս հակամարտությանը և բարձր ենք գնահատում մեր ընկերների ցանկությունը՝ աջակցելու դրան», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը կարող էր լուծվել մեկ տարի առաջ, եթե ԱՄՆ-ն չհրաժարվեր Ալյասկայի գագաթնաժողովի համաձայնագրերից։

«Եթե ամերիկացիները չհրաժարվեին Անքորիջի համաձայնագրերից, մենք արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի։ Սա ակնհայտ փաստ է։ Այնպես որ, արեք ձեր սեփական եզրակացությունները», - նշել է Լավրովը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածել ուկրաինական էներգետիկ ոլորտի, լոգիստիկայի կարևորագույն ենթակառուցվածքներին:

«Նոր արդյունքներ են գրանցել Սիզրանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։ Նաև հարված է հասցվել Տագանրոգում գտնվող անօդաչուների արտադրության ձեռնարկությանը, ինչպես նաև Օրյոլի մարզում անօդաչուների պատրաստման և արձակման վայրին։ Թիրախներ են խոցվել նաև Սև ծովում», - նշել է Զելենսկին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ նշել էր, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարվածները, եթե Ռուսաստանն էլ նույնն անի:

XS
SM
MD
LG