ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել ոչ վաղը, ոչ վեց ամսում, ոչ էլ մեկ տարվա ընթացքում։
Newsmax-ին տված հարցազրույցում Վենսն ասել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են իրանական երեք միջուկային օբյեկտ՝ իրականացնելով «հիանալի մարտավարական հարված»։ Փոխնախագահը այլ մանրամասներ չի հայտնել։ Վենսը նաև նշել է, որ ամերիկյան գործողությունների նպատակն էր «երաշխավորել, որ նրանք չկարողանան վերականգնել իրենց ծրագիրը»։
Ըստ Ջեյ Դի Վենսի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փորձում է ապահովել... որ [Իրանը] չունենա ոչ ռեսուրսներ, ոչ էլ ենթակառուցվածքներ՝ այն վերականգնելու համար, որպեսզի երկու, երեք կամ տասը տարի անց նրանք դեռևս ի վիճակի չլինեն միջուկային զենք ստեղծել»։
Վենսի պնդմամբ՝ Իրանը, ի պատասխան իր միջուկային ծրագրի դեմ ԱՄՆ-ի հարձակման, «ահաբեկում է միջազգային նավագնացությունը»։
Ավելի քան երկու տասնամյակ Իրանի միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Թեհրանի առճակատման առանցքային թեմաներից մեկն է։ Արևմտյան երկրները պնդում են, որ Թեհրանը քաղաքացիական էներգետիկ ծրագրի քողի ներքո գաղտնի փորձել է ստեղծել միջուկային զենք։ Իրանը երկար ժամանակ հերքել է միջուկային ռումբ ստեղծելու մտադրությունը և պաշտպանել ուրանի հարստացման իր իրավունքը։