Մատչելիության հղումներ

Հաջիևը կրկնում է Ղարաբաղում «աղվանական քրիստոնեական ժառանգության» մասին պնդումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Դուբայում ընթացող Արաբական մեդիաֆորումին մասնակցող Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր կրկին պնդել է, թե Ղարաբաղում առկա են «կովկասյան Ալբանիայի [Աղվանքի] հարուստ քրիստոնեական ժառանգության հետքեր»:

«Իմ երկիրը քրիստոնեության առաջին վայրերից մեկն է: 4-րդ դարում քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունվեց Ալբանիայի թագավորության կողմից: Ի դեպ, այն չպետք է շփոթել բալկանյան Ալբանիայի հետ. դա այն թագավորության անվանումն էր, որը հիմնադրվել էր Ադրբեջանի տարածքում: Ղարաբաղում մենք ունենք ամենաուժեղ հետքը: Ցավոք, տարիների ընթացքում այն ենթարկվել է կեղծման, եկեղեցիների ճարտարապետության փոփոխման և այլն, և դա չպետք է լիներ այդպես», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը՝ հրապարակած տեսանյութում ոչ մի բառ չասելով Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության մասին:

Հաջիևն օրերս Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկյա դիվանագետների առջև «ալբանական» էր հռչակել Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրները՝ մեծ վրդովմունք առաջացնելով հայաստանյան հանրության շրջանում:

Այսօր առաջին անգամ անդրադառնալով Բաքվի այս պնդումներին՝ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հայաստանը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ «Մատենադարանի տնօրենի միջոցով է արձագանքել և արձանագրել Գանձասարի հայկական ծագումը»:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան մեդիաֆորումի մասնակիցներին վստահեցրել է, թե ներկայումս Ադրբեջանում կողք կողքի գործում են մզկիթներ, եկեղեցիներ և սինագոգներ: Նա, ինչպես երեկ նախագահ Ալիևը, պնդել է, թե «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում օկուպացիայի տարիների ընթացքում մզկիթները, իսլամական մշակութային ժառանգությունը հայերի կողմից ենթարկվել են ամբողջական ավերման»:

Մինչ անկախ հետազոտողները վերջին տարիներին փաստագրել են Արցախում Ադրբեջանի իշխանության կողմից հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, գերեզմանատների, խաչքարերի, հուշարձանների ոչնչացման բազմաթիվ դեպքեր, այսօր Ալիևի օգնականը Դուբայում պնդել է, թե Բաքուն «պահպանում է ողջ մշակութային, այդ թվում՝ քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքում՝ անկախ դավանանքից ու պատկանելությունից»:


XS
SM
MD
LG