Մատչելիության հղումներ

Բելառուսը 25 դատապարտյալի է ազատ արձակել, ԱՄՆ-ն էլ որոշ պատժամիջոցներ կվերացնի

Ջոն Քոուլը ազատ արձակված բելառուս քաղբանտարկյալների հետ Բելառուս-Լիտվա սահմանին, 16-ը սեպտեմբերի, 2026 թ.
Ջոն Քոուլը ազատ արձակված բելառուս քաղբանտարկյալների հետ Բելառուս-Լիտվա սահմանին, 16-ը սեպտեմբերի, 2026 թ.

Բելառուսը 25 դատապարտյալի է ազատ արձակել, ինչի դիմաց ԱՄՆ-ն կվերացնի բելառուսական երկու ընկերության նկատմամբ պատժամիջոցները, Մինսկում երկրի ղեկավարության հետ երեկ բանակցելուց հետո այսօր հայտնել է Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը:

Ջոն Քոուլը սոցցանցում լուսանկար է հրապարակել ազատ արձակվածների հետ և նշել, որ կշարունակեն բարելավել ԱՄՆ-Բելառուս հարաբերությունները և ապահովել, որ ավելի շատ մարդ ազատ արձակվի ապագայում։ «Մենք դեռ չենք ավարտել»,- գրել է նա։

Ամերիկացի պաշտոնյան մինչ այդ՝ բանակցություններն ամփոփելիս էր հայտարարել, որ դատապարտյալներ ազատ կարձակվեն:

«Մենք համաձայնության ենք եկել միջանկյալ համաձայնագրի շուրջ: Որպես բարի կամքի դրսևորում, Բելառուսը կազատի 25 մարդու, իսկ դրա դիմաց ԱՄՆ-ն կվերացնի երկու ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»,- ասել էր Ջոն Քոուլը։

Ընկերություններից «Լակոկրասկան», զբաղվում է ներկերի և լաքերի արտադրությամբ: Մյուսը՝ «Բելեսբումպրոմը», փայտամշակման ոլորտի ձեռնարկությունների կոնցեռն է:

Ամերիկացի պաշտոնյան ասել էր, որ քննարկել են նաև միջազգային հարաբերությունները, երկկողմ հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Օրենքը խախտողները կկանգնեն օրենքի առաջ

Ջոն Քոուլը երեկ էր Մինսկում հանդիպել Բելառուսի նախագահի և վարչապետի հետ: Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ մտադիր չեն ազատ արձակվածների փոխարեն նոր մարդկանց բանտարկել՝ պնդելով, թե այդպես չեն վարվում հայրենակիցների հետ: Նա, սակայն, զգուշացրել էր՝ ցանկացած ոք, ով կխախտի օրենքը, անպայման կկանգնի օրենքի առաջ:

«Եվ եթե նրանք արժանի են, որ իրենց նկատմամբ հետաքննություն անցկացվի կամ լինեն ուղղիչ աշխատանքային գաղութներում, ապա նրանք այնտեղ կլինեն։ Բայց սա քաղաքականության հետ կապ չունի»,- ասել էր Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նախորդ դեպքերը

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ի միջնորդութամբ Բելառուսը դատապարտյալների է ազատ արձակում: Այս փետրվարին Մինսկը երեք բանտարկյալի ազատ արձակեց, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Անդրեյ Կուզնեչուկին:

Մարտի 19-ին էլ Բելառուսը 250 դատապարտյալի ազատ արձակեց, թեև իրավապաշտանների պնդմամբ՝ նրանցից շատերին շատ քիչ ժամանակ էր մնում պատիժը կրելու համար:

Մարդու իրավունքները Բելառուսում

Չնայած նման գործարքներին՝ Բելառուսում դեռ ավելի քան 1130 մարդ ճաղերի ետևում է քաղաքական պատճառներով: Մի մասն անազատության մեջ է հայտնվել 2020-ի հակակառավարական զանգվածային ցույցերից հետո, որոնց ժամանակ ավելի քան 35,000 մարդ էր ձերբակալվել: Ցույցերից հետո քաղաքական պատճառներով ավելի քան 8200 մարդ է դատապարտվել, ավելի քան 500,000-ը ստիպված է եղել լքել երկիրը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2020-ից ի վեր Բելառուսում մարդու իրավունքները խախտվում են համատարած և ուղեկցվում լայնածավալ խոշտանգումներով, կամայական կալանքներով և միջազգային հետապնդումներով։ Կալանավայրերում մարդիկ ծեծի են ենթարկվում, զրկված են բժշկական օգնությունից, հաճախ տևական ժամանակ անցկացնում են մենախցերում:



XS
SM
MD
LG