Ռուսական զորքերը Ուկրաինայի Նիկոպոլում անօդաչու թռչող սարքերով հարվածել են ավտոբուս, ինչի հետևանքով հինգ ուղևոր զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ոստիկանության պետ Ալեքսանդր Գանժան։
Գնացքի անձնակազմը և ուղևորները տարհանվել են, ապա ուղևորությունը շարունակել ավտոբուսներով, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական անօդաչուները հարձակվում են ուղևորատար գնացքների վրա։ Սեպտեմբերի 8-ին ռուսական զինուժն անօդաչուներով հարձակվել էր Կիև-Սումի, Դնեպր-Զապորոժիե և Սումիի մարզի մերձքաղաքային գնացքի վրա, ինչի հետևանքով զոհվել էր գնացքի վարորդը։
Սեպտեմբերի 9-ին «Շահեդ» տեսակի անօդաչուն հարվածել էր ուղևորատար գնացքին Խարկովի մարզում, յոթ մարդ էր տուժել: Սեպտեմբերի 13-ին էլ անօդաչուները հարձակվել էին Ուկրաինայի արևմուտքում գտնվող երկաթուղու վրա՝ ոչնչացնելով Կիև-Վարշավա գնացքի շոգեքարշը:
Ռուսական անօդաչուները գիշերը նաև հարձակվել են Կիևի վրա։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ վնասվել են մայրաքաղաքի Սվյատոշինսկի շրջանում գտնվող պահեստները, որտեղ հրդեհ է բռնկվել։ Մեկ մարդ վիրավորվել է։
Ընդհանուր առմամբ, գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել է մոտ 80 ռուսական անօդաչու թռչող սարք։